«Չգիտեմ թե ոնց սկսեցի սիրել կրթելը, բայց կրթության դերի մասին ամենալավն ասել է Էքզյուպերին։ Ու այդ խոսքերը Փոքրիկ Իշխանի միջի «մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»-ը չէ, այլ մարդկանց մոլորակի միջի այս հատվածը, որը հիշում եմ ամեն անգամ, երբ կրթական խնդիրներից են խոսում։
Նստեցի մի զույգի առջև։ Երեխան, որ մի կերպ տեղավորվել էր կնոջ և տղամարդու միջև, քնած էր։ Բայց քնի մեջ մի պահ շրջվեց, և լապտերի լույսի տակ ես նշմարեցի նրա դեմքը։ Ա՜հ, ի՜նչ սքանչելի դեմք էր։ Այդ զույգից ոսկե պտուղ էր ծնվել։ Ծանր այդ շորակույտից թովչանքի և շնորհագեղության գլուխգործոց էր դուրս եկել։ Կռացա ողորկ ճակատի, քնքուշ, ուռուցիկ շրթունքների վրա՝ մտքումս ասելով. «Ահա երաժշտի դեմք, ահա մանուկ Մոցարտը, ահա կյանքի չքնաղ խոստումներից մեկը։ Ասքերի փոքրիկ իշխանները բնավ չէին տարբերվում այդ մանչուկից. Ի՜նչ կդառնար նա, եթե պաշտպանեին, խնամքով շրջապատեին նրան, կրթեին։ Երբ պատվաստի շնորհիվ այգում նոր վարդ է ծնվում, այգեպանների մեջ իսկական իրարանցում է սկսվում։ Վարդն առանձնացնում են, մշակում, աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծում։ Բայց մարդկանց համար այգեպաններ չկան։ Երեխա Մոցարտը, մյուսների նման, իր վրա զգալու է դրոշմահատող մեքենայի կնիքը։ Մոցարտը կաբարեների գարշահոտության մեջ հրճվելու է ցածրարժեք երաժշտությամբ։ Մոցարտը դատապարտված է։
Եվ ես նորից իմ վագոն եմ վերադառնում։ Մտքումս ասում եմ, որ այդ մարդիկ բնավ չեն տառապում իրենց ճակատագրի պատճառով։ Ու գթասրտության ձայնը չէ, որ տանջում է ինձ։ Ոչ էլ այն զգացումը, որ շարժում է սիրտդ, երբ կանգնած ես այդպես էլ չփակվող վերքի առջև։ Ինքը՝ վիրավորը, երբեք չի զգում իր վերքի ցավը։ Բայց այստեղ ոչ թե անհատն է վիրավորված, նսեմացված, այլ՝ մարդկային տեսակը։ Ես չեմ հավատում խղճահարությանը։ Ինձ տանջողն այգեպանի տեսանկյունն է։ Ինձ տանջողն ամենևին էլ աղքատությունը չէ, որի հետ ի վերջո համակերպվում ես, ինչպես կարող ես ծուլության հետ համակերպվել։ Արևելյան ժողովուրդների ամբողջ սերունդներ ապրում են կեղտի մեջ և իրենց վատ չեն զգում։ Ոչ, բարեգործական օգնության արգանակը չի ամոքի այն ցավը, որ տանջում է ինձ։ Ինձ տանջողն այդ փոսերն ու սապատները չեն ու ոչ էլ այդ տգեղությունը։ Ինձ տանջում է սպանված Մոցարտը այդ մարդկանցից յուրաքանչյուրի մեջ»։
Սմբատ Գոգյան