Չինաստանի հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարող չինացիներին աջակցության տեսանյութ է տարածել համացանցում: Հոլովակում Չինաստանի տարբեր ծայրերում, Հոնկոնգում և Հայաստանում ապրող հայերը շեշտում են, որ սիրում են Չինաստանը, վստահ են, որ երկիրն ու ժողովուրդը կարող են հաղթահարել կորոնավիրուսը։ Նրանք օգտագործում են «Jia You» արտահայտությունը, որն իր մեջ սատար կանգնելու ուղերձ է պարունակում։
Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է հրապարակել Չինաստանի և Հոնկոնգի հայկական համայնքի նախագահ, Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը:
Նա գրառում է կատարել՝ ասելով, որ հպարտանում է Չինաստանի հայկական համայնքով կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու նպատակով #China հուզիչ հոլովակը պատրաստելու համար:
Տեսանյութում ելույթ է ունենում նաև Արսլանյանը: «Սիրելի չինացի ընկերներ, հուսամ՝ դուք գիտեք, որ այս ծանր ժամանակներում մեր հայկական համայնքը և ամբողջ աշխարհի հայերը միշտ ձեզ հետ կլինեն, կօգնեն ու կսատարեն ձեզ»,-ասում է նա:
Չինաստանը մի քանի շաբաթ պայքարում է կորոնավիրուսի դեմ, որը տարածում է գտել ոչ միայն Չինաստանում, այլև աշխարհի այլ երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Փետրվարի 11-ի դրությամբ երկրում վարակման դեպքերի թիվը հասել Է 42 հազար 638-ի։