«Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով ընդդիմությանը մատուցեց այս հարմար առիթը». iravunk.com
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով ընդդիմությանը մատուցեց այս հարմար առիթը». iravunk.com

Քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ հենց գլխանց փոքր-ինչ «ոչ ստանդարտ» մեկնաբանություններով հանդես եկավ սպասվող սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Ուստի մի քանի հարցադրումներ ուղղեցինք նրան:

– Դուք ենթադրություն եք հնչեցրել Ձեր ֆեյսբուքյան էջում, որ Էդմոն Մարուքյանը խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը, եւ անգամ Փաշինյանը պատրաստ է նրան` Էդմոն Մարուքյանին, լրացուցիչ ստորագրող պատգամավորներ տալ, որպեսզի դիմի ՍԴ: Ինչի՞ց ելնելով եք նման սցենար տեսնում, եւ ի՞նչ կարող է դա տալ Փաշինյանին:

– Էդմոն Մարուքյանը եւ իր «Լուսավորը» թեեւ համարվում են ընդդիմություն, սակայն մշտապես ծառայում են Նիկոլ Փաշինյանի շահերին, անգամ ամենաիշխանահաճո եւ անհարմար օրինագծերը Ազգային ժողովում ներկայացվում են հենց նրանց կողմից: Թերեւս, դա է այն գինը, որը նրանք վճարում են խորհրդարանում հայտնվելու համար, ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ խորհրդարանական ընտրություններում կեղծիքներ են կատարվել` հօգուտ այս կուսակցության: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Նիկոլ Փաշինյանին կրկին անհրաժեշտ է ունենալ ձեռնասուն, իր կողմից կառավարվող ընդդիմադիր «ոչ-ի» բեւեռ, որը կապահավի նրա «այոն»: Կարծում եմ` հենց այս նպատակն է հետապնդում Էդմոն Մարուքյանի մոտ կրկին «ընդդիմադիր» հայացքների հանկարծ արթնանալը: Իսկ որոշ թվով պատգամավորների գործուղելը Էդմոնի մոտ, որպեսզի նա կարողանա այս հարցով դիմել ՍԴ` ընդամենը տարբերակներից մեկն է, որով Նիկոլ Փաշինյանը կարող է երեւութականություն ապահովել` թե «Լուսավորը» ընդդիմադիր է, ինչն իրեն խիստ անհրաժեշտ կլինի հանրաքվեի ընթացքում:

– Ձեր կանխատեսմամբ` ո՞վ է գլխավորելու «ոչ-ի» շտաբը եւ ի՞նչ արդյունավետությամբ:

– Ճիշտն ասած, չգիտեմ սրա հետ կապված ինչպիսի օրենսդրական կարգավորումներ կան, սակայն կարծում եմ, որ սպասվող հանրաքվեն պատեհ առիթ է ընդդիմադիր ուժերի բացահայտման եւ միավորման համար: Այս պարագայում, եթե նրանց միջեւ ձեւավորվի կոնսենսուս, ամենեւին էլ կարեւոր չէ այն անձը, ով կգլխավորի «ոչ-ի» շտաբը:

– Արդյո՞ք Փաշինյանը հնարավորություն ունի «այո» ստանալու` առանց զանգվածային ընտրակեղծիքների եւ բռնությունների:

– Բացառվում է: Հանրաքվեի ժամանակ դրական արդյունք ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է առնվազն 26%-ով պակաս ձայներ հավաքի, քան իր ամենաբարձր վարկանիշի` 2018թ . խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչդեռ նրա վարկանիշի անկումը շատ ավելի մեծ է: Ավելին` շատերը, ովքեր հիմա ասում են, թե սատարում են Նիկոլ Փաշինյանին, գտնվում են պասիվ, ծույլ վիճակում եւ չեն գնա հանրաքվեի: Սրանց արթնացնելու, նաեւ մյուսներին ցույց տալու համար, թե ինքը ուժեղ ղեկավար է, Նիկոլը պարտավոր է բռնությունների նոր ալիք ձեռնարկել: Իսկ քվեարկության օրը կեղծիքներ կատարելը, կարծում եմ, միշտ էլ եղել է անհրաժեշտ արդյունք ապահովելու համար Հայաստանի իշխանությունների հիմնական գործիքը, մինչդեռ իշխանափոխությունից հետո որեւէ օրենսդրական կամ կիրառական կարգավորում այս բնագավառում չի փոխվել:

– Ձեր կանխատեսումը «այո-ի» եւ «ոչ-ի» հարցում: Արդյո՞ք սուր զարգացումներ կլինեն երկու դեպքերում էլ, եւ ինչպիսի՞ զարգացումներ:

– Ես կարծում եմ, որ հանրաքվեն կզուգահեռվի ընդդիմության փողոցային պայքարի հետ, եւ անկախ արդյունքից, այդ պայքարը կշարունակվի` նպատակ ունենալով իշխանափոխությունը: Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով ընդդիմությանը մատուցեց այս հարմար առիթը:

– Կա տեսակետ, որ «այո-ի» դեպքում Փաշինյանը կցրի խորհրդարանը: Ինչքանո՞վ է դա իրատեսական:

– Չեմ կարծում, թե նա կգնա այդ քայլին: Ավելի խոնարհ, ավելի հնազանդ խորհրդարան Նիկոլին արդեն չի հաջողվի ձեւավորել: Միաժամանակ, եթե նա որոշի կառավարել առանց խորհրդարանի, ապա կլինի շատ ցինիկ հակաժողովրդականություն, որի դրսեւորման կարիքը, կարծում եմ, նա դեռեւս չունի:

iravunk.com



Նման նյութեր