Հոբելյան, փառատոն, խելացի կանգառ. Էջմիածինը բարեկարգվում է
Advertisement 1000 x 90

Հոբելյան, փառատոն, խելացի կանգառ. Էջմիածինը բարեկարգվում է

Էջմիածին քաղաքում 2020 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր՝ ավելի զարգացնել ենթակառուցվածքները, բարեկարգել քաղաքի արտաքին տեսքը, ճանապարհները և այլն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Այս պահին մենք Կառավարություն ենք ուղարկել սուբվենցիոն 3 ծրագիր, սպասում ենք հաստատման: Ծրագրերից մեկով կկատարվեն քաղաքի երկու մեծ ու կարևորագույն փողոցների ասֆալտապատումը, եզրաքարերի փոփոխումն ու ջրահեռացումը, մյուսով՝ կանցկացվի ծայրամասային թաղամասերից մեկի կոյուղագիծը, երրորդով կսալիկապատվեն կենտրոնական հատվածի փողոցների մայթերը: Ծրագրերն իրականացվելու են 45-50 տոկոսի չափով համաֆինանսավորմամբ»,- նշեց Գասպարյանը:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Էջմիածնի քաղաքապետը շեշտեց, որ իրենք շարունակում են աշխատանքներ իրականացնել իրենց գործընկերների հետ:

«Անցյալ տարի Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք ներդրեցինք ներքաղաքային տրանսպորտ և մեկ խելացի կանգառ: Հույս ունենք, որ այս տարի նույնպես կկարողանանք շարունակել այդ ծրագիրը: Հավանաբար, այս տարի Կանադայի քաղաքներից մեկի հետ կկնքվի քույր քաղաք դառնալու համաձայնագիր: Փորձի փոխանակման ծրագրերով այս տարի Էջմիածնից պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ։ Կարծում եմ՝ այնտեղ նույնպես հնարավոր կլինի նոր պայմանավորվածություններ ձեռք բերել և Հայաստան վերադառնալ մեծ հեռանկարներով»,- ընդգծեց Գասպարյանը:

Ընթացիկ տարում Էջմիածնում նախատեսվում է տեղադրել 3-4 խելացի կանգառներ, որոնք շատ հարմար են հատկապես զբոսաշրջիկների համար և հագեցած են անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Քայլեր են ձեռնարկվում նաև ռեստորանային, հյուրանոցային բիզնեսի զարգացման ուղղությամբ:

«Անցյալ տարի մենք անցկացրել ենք քյուֆթայի փառատոն, որը մեծ արձագանք ունեցավ, այդ իսկ պատճառով կկրկնենք այն:

Այս տարի շուքով նշելու ենք Էջմիածնի 2705-ամյակը և այս առումով նախատեսում ենք սերտորեն աշխատել տուրիստական գործակալությունների հետ»,- ընդգծեց Գասպարյանը և հավելեց, որ փորձելու են բարեկարգել քաղաքի պուրակները և կառուցել նորերը:



Նման նյութեր