Ադրբեջանական հերթական մանիպուլյացիան. փորձագետն անդրադարձել է Կասպրշիկին վերագրվող հայտարարությանը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական հերթական մանիպուլյացիան. փորձագետն անդրադարձել է Կասպրշիկին վերագրվող հայտարարությանը

Ադրբեջանում իշխանությունների կողմից ստեղծված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անվամբ հասարակական կազմակերպության ղեկավարի խորհրդականը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, իբր, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպման ընթացքում նրան շնորհավորել է որպես «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ընտրված ներկայացուցչի»: Քիչ անց գրառումը հեռացվել է, իսկ մի քանի ժամ անց՝ նորից է տեղադրվել: Սակայն ադրբեջանական կայքերի տրամադրած հաղորդագրությունում այդ հատվածը բացակայում է:

«Կարծում եմ, որ սա ադրբեջանական կողմի հերթական մանիպուլյացիան է այս թեմայի շրջանակներում: Եթե Կասպրշիկը իրոք նման հայտարարություն կատարած լիներ, այն դժվար թե 4-5 ժամով հեռացվեր Թվիթերից, իսկ ադրբեջանական կայքերում չնշվեր նման հայտարարության մասին: Եթե իրոք նման բան լիներ, նրանք բոլոր խողովակներով դա կտարածեին: Հանդիպումն իրոք կայացել է: Նախորդ տարիներին ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գործող նախագահի անձնական ներկայացուցիչը այդ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպել են, ինչպես Արցախում են հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է հայտարարության սադրիչ բնույթ կրող մասին, ապա Կասպրշիկն իբրև միջնորդ իրավունք չունի կողմնակալ հայտարարություններ կատարելու: Եթե նա նման հայտարարություն աներ, ապա կխախտեր իր մանդատը և ստիպված կլիներ հրաժեշտ տալ իր աշխատանքին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Գյանջալիևը բազմաթիվ ընտրախախտումներով դարձել է պատգամավոր մի՝ իրականում գոյություն չունեցող ընտրատարածքից, որտեղ հաշվառված է 5000 ընտրող, իսկ մասնակցել է առավելագույնը 2000-ը: Գյանջալիևի համար իշխանությունները հավաքել են 1596 ձայն:

Տարոն Հովհաննիսյանը նաև նշեց, որ չի կարող այդքան ձայն հավաքած անձը հավակնել ներկայացնելու ադրբեջանցի փախստականներին: Ինչ վերաբերում է Գյանջալիևի հետ Կասպրշիկի հանդիպմանը, ապա որպես Արցախի ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Կասպրշիկը հանդիպում են միայն Արցախի իշխանությունների հետ: Արցախը ներկայացնող որևէ այլ կողմ չկա և չի կարող գոյություն ունենալ: Նշված շինծու հասարակական կազմակերպությունը չի կարող երբևէ լինել բանակցությունների կողմ: Ադրբեջանական կողմի դիրքորոշումը ներկայացնում են այդ երկրի իշխանությունները, և եթե Գյանջալիևը նշված իշխանությունների մաս է դառնում, ապա նրա կարծիքը ևս ներկայացնում է Իլհամ Ալիևը: Ադրբեջանից երկու ներկայացուցիչ բանակցություններում չի կարող լինել:



Նման նյութեր