Սիրահարներին, որոնք «վաղն են գալու»
Advertisement 1000 x 90

Սիրահարներին, որոնք «վաղն են գալու»

Առաջին խորհուրդ

Սիրո բռնկումը ձեր նոր որակն է։ Մինչ այդ ձեզ ծնել են, հիմա արդեն ծնվում եք դուք։ Մինչ այդ ձեզ սիրել են։ Հիմա արդեն սիրում եք դուք։ Մինչ այդ դուք արտասվել կամ տխրել եք չունեցածի պատճառով, իսկ հիմա կարտասվեք ունեցածի պատճառով: Դուք այլեւս նախկինը չեք: Ամեն ինչ տեղի է ունենում հանուն այդ օրվա։ Այդպիսին է աշխարհը։ Սերը գալիս է, որպեսզի դուք հաշվետու լինեք գեղեցիկի գոյության համար, սիրո մեջ դուք այլեւս սիրո սպառողը չեք։ Սերն Աստծո «ստուգողական կրակոցն» է, որ դուք կաք։ Նշանակում է, այլեւս նախկինը չեք, դա «աղավնու վայրէջքն» է ձեր հոգում։ Ձեր սիրտը մարդուն հրեշից տարբերող սահմանն է կյանքի այն սահմանագծին, որտեղ հրեշն ավելի է որոշարկվում, քան՝ գեղեցիկը։ Այդ սահմանի պահապանը սերն է, որը հրեշի հայելին է։ Հիշեք, սերը ձեզանից անզեն է։ Սակայն առանց նրա դուք չկաք։ Սկզբի համար նրանից ավելին մի պահանջեք։

Երկրորդ խորհուրդ

Սիրո մեջ երջանկություն փնտրելն անհեթեթ է: Այն անցողիկ է ոչ այն պատճառով, որ անցողիկ է սերն ինքը, այլ՝ որ կյանքի գործիքներից ոչ մեկը սիրո օգտին չէ: Մարդը երջանկության միջոց չէ, մարդը սիրո միջոց է, նրա միջոցով է պահպանվում սերը: Երջանկությունը սպասարկում է սերն այն օրերին, երբ դուք ուրիշ ոչնչով զբաղված չեք: Ամեն ինչ կարող էր տեղի ունենալ սիրո մեջ՝ պայմանով, որ կյանքը սիրո այլընտրանքը չէ: Ցավոք: Կյանքը մի քիչ ուրիշ բան է: Ձեզ, ըստ երեւույթին, հիասթափություններ ավելի շատ են սպասվելու նույնիսկ գործող սիրո մեջ, քան՝ նվաճումներ: Սովորեք սերն ազատել երջանիկ լինելու նախապայմանից: Դուք, միեւնույն է, չեք կարող լինել այնքան կույր, որպեսզի երջանկանաք մի աշխարհում, որտեղ գրեթե ոչ մեկի կյանքը կյանք չէ:

Երրորդ խորհուրդ

Սերը խնամք է։ Ինչպես խնամում են ավտոմեքենան։ Ինչպես խնամում ես ինքդ քեզ, երբ դեռ սերը չկա։ Մի անգամ արդեն պատահած սերն այլեւս չի նահանջի: Երբեք չմոռանաք՝ ապրելը սիրելու հակառակն է: Ամբողջ աշխարհն է ջանում, որ դուք լինեք իր թիմակիցը իր պարտությունների մեջ: Ձեզ մերժելու է ձեր սիրած աղջիկը կամ տղան, ձեզ կուղարկեն գրողի ծոցը եւ ախ էլ չեն քաշի: Դա դեռ պարտություն չէ, պարտությունն սկսվում է այն պահից, երբ ձեզ ասել են «այո»: Սերը բոլոր կողմերից է պարտություն, երբ հանգուցալուծված է: Հանգուցալուծումը խնամքի դեմ է: Որովհետեւ հանգուցալուծման մեջ խոսքը կյանքինն է, ոչ թե՝ սիրունը: Այնտեղ դուք արդեն պետք է ապրեք «սիրուց ազատ» ժամանակի մեջ: Այնտեղ՝ կյանքում, դուք պետք է քայլեք դեպի Խաչը, որտեղ ոչ ոք ձեր հասցեին «օվսաննա» չի բղավելու: Կյանքը սիրո կենցաղը չէ, չխաբվեք: Կյանքի մեջ գրեթե հնարավոր չէ սերն ատամներով պահելը, որովհետեւ այն ազատ անկման դաշտ է: Գոյության իրավունքը պնդելու ընթացքում դուք հազիվ թե դեմքով ճանաչեք այն, ինչը մի ժամանակ ամբողջ կյանքն էր: Ուստի երբեմն թվում է, թե այլ սեր չի լինում, բացի այն մեկից, որը հենց նոր չկա: Մի վախեցեք, հիմա դուք ավելի կոփված եք, Սակայն ոչ սիրո համար։ Ձեր հայացքն ավելի քննող է, ձեր ընտրությունն՝ ավելի պատրաստված մտքով, որտեղ սիրտն իր քմահաճույքներն ունի։

Չորրորդ խորհուրդ

Գաղտնիք չէ, որ գրեթե ոչ մեկը մեկ սիրով չի բավարարվում: Գլխավորը, թվում է, թե առաջինն է: Հաճախ այդպես էլ կա: Սակայն էլ ավելի հաճախ անխուսափելի են մյուս սերերը՝ պատճառները շատ են՝ հոգնում ես, հանդիպել ես ավելի լավին, ծնողներդ են դեմ, տղան իր բնակարանի նման խեղճուկրակ է, աղջիկը դարձել է հաշմանդամ, երկրորդ ամսում դու հասկացար, որ քեզ խաբում է, ընկերները պրիմիտիվ են: Առաջին սիրուց հետո ամենահնարավորը երկրորդ, երրորդ եւ մնացյալ սերերն են: Դրանցից մեկը կարող է դառնալ ավելի առաջին։ Եթե՝ ոչ, փորձեք դրանցից մեկում բռնացնել ձեզ որպես ամենաիրացվելին: Որովհետեւ սիրտը, միեւնույն է, արդեն ամբողջը չի վերցնում իր վրա, եթե, իհարկե, դուք ծեր չեք, իսկ ձեր ընտրյալը՝ հասունության առաջին վկայականով թռչնակ: Կյանքի հետ սիրո հաշտությունն սկսվում է այդ պահից, երբ դուք ընտրում եք ապրելը: Միշտ չէ, որ կանգ եք առնելու ամենասիրո վրա: Սակայն, եթե դա ձեզ հաջողվել է, հիշեք դա արդեն միայն ձեր շնորհը չէ: Ձեր դիմացինը գուցե ձեր լավագույն «ստեղծագործությունն» է, սակայն երբեք չմոռանաք, թե՝ ինչպիսի աշխարհում: Նա արդեն միայն ձեր սիրո խնամքի աղը չէ, նա նաեւ ձեր ողորմածության նեղ դուռն է: Պահպանեք նրան, բացառված չէ, որ ինքը չգիտի, թե դա ինչպես են անում:

Հինգերորդ խորհուրդ

Ձեր սիրային հաջողությունների մասին մի պատմեք ուրիշներին: Առաջին իսկ խոչընդոտի դեպքում դուք հիշելու եք, թե ինչպես էիք պարծենում: Իսկ ձեր ոտքի տակ արդեն հող չկա: Դա շատ նման է Օստապ Բենդերի այն զգացումին, որ ինքը միլիոնատեր է, մինչդեռ ամբողջ փողն արդեն հանձնել է ֆինանսների ժողովրդական կոմիտեին: Իսկական սերն իրականում ճիշտ ժամանակին լքված լինելու պատմություն է: Հիմա, երբ դուք ամենայն հավանականությամբ ունեք արդեն լքված լինելու փորձառությունը, կյանքն ավելի է պարզվելու ձեր աչքում: Սերը թեմա չէ, նույնիսկ սիրային ստեղծագործությունները հաճախ հեղինակին «պատուհասած» ճշմարիտ սիրո լավ կամ վատ նմանակներն են: Պահպանեք գաղտնիքը ձեր մեջ, քանի որ ինքն արդեն ձեր «պատմությունն» է: Դուք նրանից կարող եք «ազատագրվել» ձեր «Օրագրերում», որեւէ բանաստեղծությամբ, որն անպայման հրապարակվելու է, հրապարակելի է, կամ շատ կուզենայիք հրապարակել: Սիրո ձեր փորձառությունը երբեք ուրիշինը չէ: Դա միայնակ տանելու բեռ է, որում քիչ չեն ավելորդ դրվագները: Դրանցից յուրաքանչյուրում ձեր սայթաքածն է՝ ասել եք միակ սխալ բառը, թեքել եք հայացքը ոչ այն ուղղությամբ, ծիծաղել եք, երբ բավական էր ժպիտը։ Սերն իրեն կարող է թույլ տալ այդ ավելորդությունը, դուք՝ ոչ: Որովհետեւ դուք իրեն կարող եք սրբագրել, ինքը ձեզ չի կարող: Ինքը ձեր ամբողջությունն է:

Վեցերորդ խորհուրդ

Սերը, մարդիկ, բնապահպանություն է։ Եթե այն, ի վերջո ամբողջ աշխարհին չի վերաբերում, դուք սիրահարված չեք։ Աշխարհի համար դուք սկսվում եք նրանից։ Եվ եթե այն չեք վերադարձնում աշխարհին, դուք դառնում եք սիրո անապատը։ Աշխարհը չափազանց կապված է ձեզ, որպեսզի դա չզգա իր վրա։ Եվ այդ միկրոկլիմայում ձեր ծնողները, սիրած աղջիկը կամ ընկերներ չեն կարող ավելի շահեկան լինել աշխարհի համար, քան նրանք, որոնք լեզու կամ հայացք չունեն ողորմալու իրենց բաժին համակրանքը։ Ուշադիր եղեք, եթե սերը ձեզ չի ծավալում, դուք սիրահարված չեք։

Յոթերորդ խորհուրդ

Եվ, անկասկած, իմ վերջին խորհուրդը: Այն անհամեմատ աշխարհիկ է ի տարբերություն նախորդ վեցի: Երբեք մինչեւ վերջ անկեղծ մի եղեք ձեր սիրած էակի հետ: Որովհետեւ, երբ նա մի օր ավելի լավին հանդիպի եւ առանց ախ քաշելու հեռանա, դուք կհիշեք, որ «մերկացել» եք նրա առաջ: Ու ձեզ միայն ուշացած հաշիվ կտաք, որ, ախր, կարող էիք առաջինը հեռանալ: Հնարավոր է ցանկանաք նաեւ առաջինը նահանջել: Եվ հանկարծ կհիշեք, թե ինչ «աննահանջ» բառեր եք շշնջացել ձեր սիրելիի ականջին: Ավելին, երբեք չհետաքրքրվեք մանրամասներով, թե ինչու է ձեզ թողնում ձեր սիրած էակը: Մանրամասները սերը «վարակում» են ողբերգականությամբ: Մանրամասները ձեր տառապանքի սնուցման անոթներն են: Ձեզ ազատեք մանրամասներից, որքան էլ ցավալի է լքված լինելը: «Ինչու ձեզ լքեցին» հարցը իսկական սիրո մեջ հռետորական է, ինչպես հռետորական էր «ինչու՞ ձեզ սիրեցին» հարցը: Չէ՞ որ դուք չէիք կասկածում, որ արժանի եք սիրո:

Մհեր Արշակյան

civilnet.am