ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում բացառեց, որ ՍԴ նախագահը մինչև հանրաքվեն հրաժարական կտա։
«ՍԴ նախագահի մասով լիովին բացառում եմ։ Շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները», – ասաց նա։
ՍԴ նախագահը բացառեց նաև այն, որ Թովմասյանը հանդիպումներ է և քննարկումներ է ունենում դատավորների հետ։
«Եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա հետագայում շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար», – նշեց Մուրադյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։
ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։