Առնվազն 13 մարդ է փրկվել Կոլումբիայում BAe 146-200 ինքնաթիռի աղետից հետո: Այդ մասին Twitter-ում հայտնել է 360 Radio Colombia ռադիոկայանը:
Սկզբում տեղեկատվություն էր հայտնվել, որ վթարի հետևանքով զոհվել են օդանավում եղած բոլոր մարդիկ, այնուհետև տեղեկացվել էր տասը փրկվածների, իսկ հետո՝ վեց փրկվածների մասին:
Նախնական տվյալներով՝ փրկվածների թվում են՝ «Շապեկոենսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստներ՝ պաշտպան Ալան Ռուշելը և դարպասապահ Դանիլո Պադիլյան: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց: Այդ մասին Twitter-ում հայտնել է RCN ռադիոն:
Ավիաաղետը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան (Երևանի ժամանակով նոյեմբերի 29-ի առավոտյան) օդանավում վառելիքի անբավարարության պատճառով: Օդանավում եղել է 81 մարդ, այդ թվում՝ անձնակազմի ինն անդամներ, «Շապեկուենսե»-ի ֆուտբոլիստներ ու ակումբի անձնակազմի անդամներ, ինչպես նաև ակումբին առընթեր հավատարմագրված լրագրողներ:
Մարզիկներն ուղևորվել էին կոլումբիական Մեդելյին՝ մասնակցելու տեղի «Ատլետիկո նասիոնալ» թիմի հետ Հարավկորեական գավաթի առաջին եզրափակիչ մրցախաղին: Հաղորդվում է, որ Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հետաձգել է մրցախաղը, ինչպես նաև մինչև հատուկ կարգադրություն կասեցրել է իր հովանուն ներքո միջազգային բոլոր մրցումների անցկացումը: