Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել նախկին՝ ավելի ցածր մաքսատուրքերով: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
«Ներկայացվել էր մոտ 4500 նախնական հայտարարագիր: Դրանցից 3800-ի կարգին հունվար ամսին մաքսազերծվեցին: Փետրվարին 80-85 ավտոմեքենա է ձևակերպվել՝ արդեն իսկ նոր դրույքաչափերով»,-ասաց Ներսիսյանը:
Որոշակի քանակի մեքենաներ կան, որոնք արդեն Հայաստանում են, բայց դեռ չեն մաքսազերծվել։ Ներսիսյանը նշեց՝ ինֆորմացիա ունեն, որ Հայաստանից դուրս ևս մեքենաներ կան, որոնք պետք է Հայաստան գային, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն հասել: Տարբեր օղակներով զբաղվում են այդ հարցով՝ տեսնելու, թե ինչով կարող են օգնել:
Ներսիսյանի կարծիքով՝ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մաքսազերծումը շատ է թանկացել, կարծում է, որ ձեռնտու չի լինի 3 տարուց ավելի հին ավտոմեքենա ներմուծել նոր դրույքաչափերով: