Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի դաշտում կա ավտոմեքենա, որի կողքին էլ՝ տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Հայկ Թումանյանն ու բաժնի պետի տեղակալ Սեթոյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դալաքյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սուրեն Վ-ի դին՝ իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածում, մեջքի վրա ընկած վիճակում։ Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնի քննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգողը եղել է Քասախ համայնքի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մկրտչյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: