Հայաստանում քրդական համայնքը Երևանում կազմակերպել է բողոքի երթ՝ նվիրված Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 20-ամյակին:
Քրդերը քայլերթ իրականացրին Հյուսիսային պողոտայից մինչև Շահումյան հրապարակ՝ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել նաև միջազգային ատյաններում:
Բողոքի երթի ընթացքում հնչում էին «Թուրքիան տեռորիստ է» և «Մենք հոգով քեզ հետ ենք, Օջալան» վանկարկումները:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ իրենք դատապարտում են Թուրքիայի իշխանությունների բարբարոսական գործողությունները քուրդ ժողովրդի նկատմամբ:
«20 տարի առաջ որոշ գերտերությունների և պետությունների դավադրության արդյունքում քուրդ ժողովրդի առաջնորդ՝ Աբդուլլահ Օջալանին բռնեցին և հանձնեցին թուրքական իշխանությանը: Նրանք Օջալանին դատապարտեցին մահապատժի, սակայն քուրդ ժողովրդի ազդեցության տակ դատավճիռը փոխեցին ցմահ բանտարկության: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, գերտերություններին զսպել Թուրքիայի իշխանություններին, միջոցառումներ ձեռնարկել նմանատիպ գործողություններին վերջ տալու համար»,- ասաց Հասանովը:
Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։