Բանակում ստեղծված իրավիճակը ամենաթողության, անարդարության հետևանք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Դեպքերի ցուցանիշը շատ մտահոգիչ է, խնդիրն այն է, որ երիտասարդները մինչև բանակ գնալը և դրանից հետո այնպիսի պայմաններում են գոյատևում, որ անընդհատ տեսնում են անարդարություն: 30 տարվա անկախությունից հետո մենք հասարակությանը չենք պաշտպանել, վտանգել, շերտավորել ենք: Այս երիտասարդների հետ պետք է աշխատել հայրենասիրության գաղափարով: Միայն այդ գաղափարով կարող եք կարգ ու կանոն հաստատել, ուրիշ ճանապարհ դուք չունեք: Դաստիարակեք դպրոցից սկսած: Զինվորին խորքային հասկացրեք՝ չի եկել տվյալ սպայի, հրամանատարի համար, եկել է հայրենիքը պաշտպանելու»:
Մանվել Եղիազարյանի խոսքով՝ զինվորը պիտի տեսնի, որ բանակում արտոնյալներ չկան, քրեական ենթամշակույթը պիտի բանակ չներթափանցի:
«Եթե զինվորը տեսնում է, որ իրեն չեն հարգում, չես կարող նրանից հարգանք պահանջել: Հասկացենք, մենք ամեն ինչ արեցինք, տղաների 90 տոկոսը սովամահ էր լինում, բայց հայրենիքը պահում էր: Հիմա ոչ մեկը չի բարձրաձայնում օլիգարխ եք, գործարար եք, պաշտոնյա եք, լսեք, տվյալ մարդիկ իրավունք ունեն մի կտոր հաց ունենալու: Զինվորը, որ գնում է սահման, ասում է նրանց համար ինչ եք արել, որ մեզ համար ինչ անեք»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա հաճախ նշում են, թե պետք է վերադառնալ եղբայրության գաղափարախոսությանը, Մանվել Եղիազարյանն ասաց.
«Արաբո» ջոկատի օրինակը էլի եմ բերել, բայց ասեմ՝ 5-6 տարի զենքը ձեռքներիս էինք քնում, բայց մեկը մեկի ոտքին չկրակեց»-եզրափակեց նա: