
Ամեն օր 15 րոպե զբոսնելը նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը 5-8 միլիմետր սնդիկի սյունով: Նման կարծիք է հայտնել Մյունխենի տեխնիկական համալսարանի պրոֆիլակտիկ և սպորտային բժշկության կենտրոնի ղեկավար Մարտին Հալը, ում խոսքը մեջբերում է Focus-ը:
Նրա խոսքով՝ դրան կարելի է ավելացնել հեծանվավազքն ու վազքը: Սակայն պետք չէ ծանրաբեռնել օրգանիզմը՝ նշել է մասնագետը:
Նա նաև խորհուրդ է տվել դիետա պահպանել, օրինակ՝ նվազեցնել երշիկեղենի, պանրի և հացի օգտագործումը, քանի որ այդ մթերքները մեծ քանակությամբ աղ են պարունակում: Օգտակար է բանջարեղենի օգտագործումը:
Մասնագետի խոսքով՝ եթե հիպերտոնիա ունեցող պացիենտները հիշեն այդ կանոնների մասին, ապա կաթվածների թիվը կնվազի 50 տոկոսով: