Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հորդորում է շատ կարդալ թե մասնագիտական գրականություն և թե գեղարվեստական:
«Հենց հիմա կարդում եմ Ռիչարդ Բրենսոնի «Անմեղության կանխավարկած» գիրքը: Նա «Վիրջին գրուպ»-ի հիմնադիրն է, ձեռնարկատեր, ֆիլանտրոպ, գրքերի հեղինակ։ Շատ հետաքրքիր է և ուսուցողական։ Գրքում հստակ ընդգծված է, թե ինչերի կարող ես հասնել, երբ ամենայն նվիրվածությամբ հետևում ես երազանքիդ, նպատակիդ»,-«Արմենպրես»–ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը: Նա առանձնացրեց, որ մյուս գիրքը, որ նույնպես այս պահին ձեռքի տակ ունի, Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի «Մեկ մարդու աշխարհի տեսլականը» գիրքն է (One Man’s view of the world): ԱԺ պատգամավորը փորձում է հերթով ուսումնասիրել այդ քաղաքական գործչի գրքերը, քանի որ Սինգապուրն իր համար օրինակելի պետության մարմնացում է:
Ջուլֆալակյանը շեշտեց, որ կցանկանար հասարակության մեծամասնությանը առավել շատ ընթերցելիս տեսնել: «Կցանկանայի կարդան մասնագիտական գրքեր, իհարկե, քանի որ միշտ էլ խորանալու տեղ կա։ Եվ նաև մեկ այլ մասնագիտության վերաբերող գործեր, որի մասին միշտ մտածել են, կամ որով հետաքրքրված են, որպեսզի համոզվեն, թե արդյոք դա այն է, ինչ նրանք պատկերացնում են։ Ես ինքս, քաղաքագիտականից և միջազգային հարաբերություններից բացի, տնտեսագիտական ուղղվածության տարբեր գրքեր եմ ուսումնասիրում։ Եվ, իհարկե, գեղարվեստական գրականություն. առանց դրա ընթերցանությունը թերի կլինի: Շնորհավոր գրքի օրը»,-եզրափակեց նա: