Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը գիրք նվիրելու օրը երեխաներին նվիրում է «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել ցանկացած մարդու՝ գիրք նվիրել:
Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարան, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի և այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն:
Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: