Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտվեց «ProdExpo-2020» սննդարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էր շուրջ 2600 արտադրող 70 երկրից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռք բերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու և արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:
Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 8-րդ տարին է, ինչ հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը և սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գինիները։ «Armenia Wine» ընկերությունը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ և անզուգական գինիների տեսականին, որն արժանացավ թե՛ սպառողների, թե՛ միջազգային խոշոր գործընկերների բարձր գնահատականին։
«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները միջազգային ցուցահանդեսներին, մենք նաև ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության հազարամյա պատմության լավագույն ավանդույթները՝ արժանանալով ամենաբարձր գնահատականի։ Այս անգամ ևս մեր ընկերության աշխատակիցները վերադարձան Հայաստան մեկ ոսկե և երկու արծաթե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու մշակույթը»,-ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Քրիստինե Վարդանյանը։