Դանիայի թագուհին ընդունել է Արարատ Միրզոյանին
Advertisement 1000 x 90

Դանիայի թագուհին ընդունել է Արարատ Միրզոյանին

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ եւ առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական կապերի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դրանք կխորանան:

Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը եւ Արարատ Միրզոյանը երկուստեք կարեւորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգեւոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջեւ:

Մարգրետե Երկրորդը, կարեւորելով Հայաստանից նման բարձր մակարդակի պատվիրակության ժամանումը, հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջեւ կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների եւ շփումների ակտիվացման համար: Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:



Նման նյութեր