«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։ Հստակ տեղեկություններ կան, որ պաշտոնից ազատվելու է նաև ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Այս փոփոխությունների վերաբերյալ խոսեցինք գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ՝ նրան հարցնելով, թե ի՞նչ փոփոխություններ են սրանք, և իր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված այս պաշտոնանկությունները․
«Ես հիմա մի փոքր ուրիշ գործով եմ զբաղված, ես երեխեքին «ԴՕՍԱՖ»-ով պատրաստում եմ բանակի համար, զինվորական մասնագիտություններ՝ վարորդներ, տանկիստներ, կապավորներ ենք պատրաստում։ Ես հիմա այդ գործով եմ զբաղված, բայց մենք բանակի կողքն ենք, բանակի մասին պետք է խոսի նա, ով գնում, շփվում է։
Հիմա շատ գեներալներ նստած են տաք կաբինետներում և իրենք խոսում են զինվորների մասին, հետո մեկ անգամ գնում են զինվորի մոտ, ասում են՝ մենք գնացել ենք զինվորի մոտ։ Պետք է այդ ամենի հետ շփվել տեղում, եփվել, և իրենք պետք է այդ հարցերին պատասխանեն, հասկանում ես, ես հիմա չեմ կարող ոչ մի բան ասել։ Տեսնո՞ւմ եք՝ արդեն 2 հոգու հանեցին՝ Ալեքսան Ալեքսանյանին և Արթուր Բաղդասարյանին, չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում»,- պատասխանեց Կոմանդոսը։
Նրան հարցրինք նաև բանակում մահվան դեպքերի թվի աճի վերաբերյալ, Տեր- Թադևոսյանը, խոսելով պատճառների մասին, ասաց․
«Ամեն մեկս մի կարծիք ունենք, բայց այդ կարծիքը չես կարող ասել, որ ճիշտ է։ Աստված տա՝ ես սխալվեմ, բայց Դուք լավ գիտեք, որ այս 2 տարվա ընթացքում մի գիծ քաշվեց՝ սևերի ու սպիտակների միջև, և ստեղծվեց մի թշնամական մթնոլորտ։ Այդ թշնամությունը անցավ ամեն տեղ, իրար չեն կարողանում ներել, իրար չեն կարողանում զիջել։ Ես կարծում եմ, որ դա է։ Կարող է՝ դա չէ, և ես սխալվում եմ։ Մենք կարդում ենք, որ մեր պաշտոնատար անձինք ասում են, որ մեզ զօր ու գիշեր անպատվում են, անհանդուրժողականություն է, Դուք հասկանո՞ւմ եք»,- պատասխանեց Կոմանդոսը։