Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով. 2019-ի պարգևատրումներն Առողջապահության նախարարությունում. antifake.am
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով. 2019-ի պարգևատրումներն Առողջապահության նախարարությունում. antifake.am

2018 թվականին Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարների սկանդալից հետո իշխանությունները այդպես էլ չհրաժարվեցին ինքնապարգևատրումից, ավելին, 2019 թվականի ընթացքում քաղաքական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձինք ստացել են պետական տարբեր կառույցներում բավական մեծ թիվ, երբեմն աշխատավարձի դրույքաչափը գերազանցող պարգևավճարներ:

Ինչպես և սպասվում էր այս տարվա ընթացքում ևս Կառավարությունում, Ազգային ժողովում և պետական համակարգի այլ կառույցներում ահռելի պարգևատրումներ են եղել:

Նախկինում ներկայացրել ենք Ազգային ժողովի նախագահի և փոխխոսնակների պարգևատրումները: Այս անգամ անդրադառնանք Կառավարությանը:

Առաջինը Առողջապահության նախարարությունն է:

Մինչև նախարար Արսեն Թորոսյանը դժվարանում էր պատասխանել այն հարցին, թե որքան պարգևավճարներ են հատկացվել առողջապահության նախարարությունում 2018 թվականին, այս տարի պատկերը բավականին հստակ է:

Ըստ AntiFake.am-ի` Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանի` 2019 թվականի մարտ – դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք` նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:

Մասնավորապես, Առողջապահության նախարարությունում ամենամեծ չափով պարգևավճար ստացած պաշտոնյան նախարար Արսեն Թորոսյանն է, ով 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար: Գումարը գոյացել է 2019 թվականի բյուջեի 4111-րդ և 4112-րդ  հոդվածների համաձայն:

Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձյալ նշված ժամանակահատվածների ընթացքում ստացել է 9.371.014 դրամ: Նախարարի մեկ այլ տեղակալ` Անահիտ Ավանեսյանը  ստացել է 9.672.612 դրամ:

Բոլորովին վերջերս փոխնախարար նշանակված Արտյոմ Սմբատյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպես պարգևավճար 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.300.757 դրամ, իսկ փոխնախարար Լևոն Հակոբյանը7.132.109 դրամ:

Հարկ է նշել, որ դեռևս մարտի 30-ին ձերբակալվել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Մինչ այդ, նախկին փոխնախարարը արդեն իսկ հասցրել էր ստանալ իր ամսական պարգևավճարը` 1.124.430 դրամ:

Մեկ այլ պաշտոնաթող փոխնախարար` Հովհաննես Հարությունյանը, պաշտոնավարել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը` մինչ այդ ստանալով 5.035.635 դրամ: Նորանշանակ փոխնախարար Շավարշ Գրիգորյանը, որը իր պարտականությունները կատարում է այս տարվա նոյեմբերի 15-ից, ստացել է 1,661,447 դրամ:

Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը ստացել է 2,563,454 դրամ պարգևավճար։

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ստանցել է 2,900,107 դրամ պարգևավճար։ Իսկ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը՝ 3,696,628 դրամ։

Նախարարության բարձրաստիճան վերոնշյալ պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ  65 միլիոն դրամ է:

AntiFake.am-ը կշարունակի ներկայացնել Հայաստանի պետական համակարգում 2019 թվականի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին տեղեկությունները:

antifake.am