Թեև նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացել են հարևան Իրանում, Հայաստանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին նշում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ:
«Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել է Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում: Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով»,- նշել է նախարարը:
Նա խնդրում է սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել նախարարության խորհուրդներին՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով հաշվառման պոլիկլինիկա, խուսափել գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից, եթե մարդը հիվանդ է, մնա տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե մարդը հիվանդ է, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային։
Իրանում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից չորսը՝ մահվան ելքով: COVID-2019 նոր տիպի վարակը սկիզբ է առել Չինաստանում՝ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Չինաստանում փետրվարի 21-ի դրությամբ հաստատվել Է վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել Է: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 115 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: