ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Բարձրագույն կրթության էական խնդիրների մասին
Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բազմաթիվ բացթողումներ ունի, որոնց մասին ժամերով կարելի է խոսել: Սակայն, ամբողջ համակարգի բարեփոխման ռազմավարությունում նոր օրենքի ընդունումն արդյոք առաջնահերթությո՞ւն է, թե՞ պետք է հաջորդեր այլ միջոցառումների: Այս հարցի պատասխանն իրականում չկա, որովհետև, ցավոք, դեռ ռազմավարություն չկա, որը կսահմաներ այդ միջոցառումների տրամաբանական հաջորդականությունը: Նոր օրենքի ընդունումը մեր դեպքում թյուրիմացաբար նախորդում է ռազմավարությանը, երբ դեռ սահմանված չէ, թե ինչ ենք մենք առհասարակ ուզում կամ պատկերացնում, որքանով են մեր նպատակներն իրատեսական և ինչ հաջորդական գործողությունների միջոցով ենք հասնելու այդ ցանկալի, իրատեսական վիճակին: Վերոնշյալ հարցերի պատասխանները տալուց հետո և համապատասխան գործողությունների իրագործման ընթացքում միգուցե պարզվեր, որ էապես նոր իրավահարաբերություններ են ձևավորվում, որոնց կարգավորման համար բոլորովին այլ օրենք է անհրաժեշտ:
Այժմ մի փոքր ավելի գործնական և աշխարհիկ…
Բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների գերակշիռ մասը նոր օրենքի նախագծի հետ որևէ կապ չունի:
Գործող օրենքը չէ պատճառը, որ ոլորտի որոշ ամենապատասխանատու պաշտոններին կարող են լինել բառացիորեն անտառաճանաչ մարդիկ, որոնք ունակ չեն աշխարհի որևէ լեզվով (այդ թվում՝ հայերեն) բարձրագույն կրթության խնդիրների մասին մեկ հոդաբաշխ նախադասություն կազմել և արտաբերել: Էլ ուր մնաց՝ ոլորտը բարեփոխել… Սա թողած՝ օրենք ենք փոխում:
Օրենքը չէ պատճառը, որ դասախոսների մրցութային ընտրության փոխարեն դասաժամերն ամեն տարի պապենական ավանդույթի ուժով հատկացվում են նրանց, ում ամբիոնի վարիչը կամ ռեկտորը պարզապես կցանկանան, այդ թվում՝ սեփական դասընթացի հետ որևէ կապ չունեցող, բարեկամների միջոցով ամբիոնում հավիտենապես տեղավորված անգրագետ մարդկանց: Հենց գործող օրենքի 19-րդ հոդվածն է սահմանում, որ պետք է իրականացվի դասախոսների մրցութային ընտրություն, ինչը պարզապես չի կատարվում, օրենք է խախտվում, և՝ ոչինչ, նորմալ է… Օրենք ենք փոխում…
Երբ այս բացահայտ խնդիրներին, որոնք ոչ թե օրենսդրական փոփոխություն, այլ վճռականություն են պահանջում, որևէ լուծում չի տրվում, նոր օրենքի ընդունումը դառնում է պարզապես ժամանակատար մի գործընթաց, որի միջոցով կարելի է ևս մեկ-երկու տարի արդարանալ, թե ինչու ոլորտում էական տեղաշարժ չկա: Մեր տնտեսությունը հավերժ սպասել չի կարող. իրավունք չունենք այսքա՜ն դանդաղ և ձևական գործելու:
Հիվանդն օրեցօր կորցնում է իր տեսողությունը և լսողությունը, իսկ մենք բուժելու փոխարեն հավաքվել ու նրա համար նոր, հետաքրքիր տեսահոլովակ ենք նկարում:
Եվ, ինչպես միշտ, խոսելիս բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ «պետք է անել»»: