ՀՀԿ Գործադիր մարմինը համոզված է, որ այսօր մեկնարկող քրեական գործով դատավարության շրջանակում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել շինծու և անհեթեթ պատրվակով:
«Ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՔԾ կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին։ Քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»,– նշված է ՀՀԿ–ի հայտարարության մեջ:
Ըստ հանրապետականների` իշխանությունները նման քայլերով նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից:
Գործադիր մարմինը դատական իշխանություններից պահանջում է ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց` հրավիրելով լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ:
Միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելու է բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: