Աշխարհին մի՛ մեղադրեք,
Անմեղ է սույն մեռյալը:
Սրա հեղինակի անունը լսել եմ անցյալ դարի 70-ականներին, համալսարանում. մեկ կիսամյակ ուկրաինական գրականություն «անցանք»:
Գրիգորի Սկովորոդա: Հիշյալ խոսքի մասին այն ժամանակ շշուկ իսկ չէր կարող լինել, իհարկե: Հետո ճանապարհներից ոչ մեկը դեպի այդ հեղինակը չտարավ: Իսկ երբ Միկուշեւիչն իր զրույցներից մեկում մեջտեղ բերեց նույն երկտողը, այն արդեն հայտնագործության նման չհնչեց. իմ տարիքում նման բաներ պատահում են. նոր լսածդ լսած ես լինում այլ «տարբերակներով»: Այս դեպքում` լսած ես լինում լիուլի, որովհետեւ, ըստ էության, նույն բանն են ասում «դեպի այդ կողմը» նայող բոլորը` Պողոս Առաքյալից մինչեւ Ալբեր Կամյու:
Բանը, ի վերջո, հասնում է գնոստիկներին, ամենաքիչը, բայց էդքան չխորանանք: Այստեղ ուրիշ խնդիր կա. ի՛մ խնդիրը. վաղուց ի վեր (որքան ինձ հիշում եմ) ինձ ՍՓՈՓՈՒՄ են հենց այսպիսի ՊԱՏԿԵՐՆԵՐԸ (նույնիսկ` եթե ինձ ԹՎՈՒՄ է, թե ՍՓՈՓՈՒՄ են): Այլ խոսքով` իրողությունն այսպիսին չլիներ, ես վայրկյան անգամ չէի դիմանա ԱՅՍՏԵՂ, մասնավորապես` այսքան երկար չէի ապրի:
Անչափ դժվար է ՀԱՍԿԱՆԱԼ-ԸՆԴՈՒՆԵԼ այսպիսի աշխարհը այսպիսի մարդկանցով, եթե դրանց ՄԵՌՅԱԼՈՒԹՅԱՆ մասին որեւէ` թեկուզ մոտավոր մի բան չես լսել:
Այնպես որ` կեցցե կյանքը…
Ապրե՛ք, եւ
Աշխարհին մի՛ մեղադրեք,
Սույն մեռյալը անմեղ է:
Գրող, հրապարակախոս Ավագ Եփրեմյանի էջից: