Արագածոտնի մարզում առաջիկայում կյանքի կկոչվի խոշոր ծրագիր:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ գործարկվելու են 400 մգ Վտ ընդհանուր հզորությամբ արևային կայաններ:
«Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից՝ 200 -ական մեգավատ հզորությամբ կայանների գործարկմամբ: Դրանք լինելու են Թալինի տարածաշրջանում: Աշխատանքներն ակտիվ փուլում են գտնվում, և հույս ունենք, որ այս տարվա վերջին կլինի միջազգային մրցույթ առաջին բաղադրիչով՝ 200 մեգավատ հզորությամբ: Վստահ քայլերով անցում ենք կատարում դեպի վերականգնվող էներգիայի»,-ասաց Դավիթ Գևորգյանը:
Խոսելով այլ ներդրումային ծրագրերից՝ մարզպետը նշեց, որ առանձնացրել են մարզում միջին և խոշոր 20 բիզնես ծրագրեր: Նրա խոսքով, ամենօրյա ռեժիմով շփվում են պոտենցիալ ներդրողների հետ:
«Առանձնացրած ծրագրերով շուրջ 500 նոր աշխատատեղ կստեղծվի, ներդրումը կլինի 100 միլիոնից ավելի: Ոլորտները տարբեր են՝ դեղերի արտադրություն, ջերմոցային տնտեսություն, գինեգործություն: Դեղերի արտադրության ոլորտում 20 մլն դոլարի ներդրում կլինի: Հույս ունենք, որ գարնանը կսկսեն աշխատել: Մարզում եղած գինեգործական ընկերությունները մեծացնում են արտադրության ծավալները, նոր ներդրումներ են կատարում»,-ասաց նա: Մարզպետի խոսքով՝ Սասունիկ, Օշական հատվածները շարունակում են գրավիչ մնալ գինեգործների համար: Մարզում կան գործարարներ, ովքեր նախատեսում են ասֆալտի գործ սկսել: