Արագածոտնի մարզը զբոսաշրջության զարգացման նոր ծրագրեր է նախատեսում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ սովորաբար զբոսաշրջիկների այցելությունների համար առանձնացվում են ավանդական մի քանի վայրեր: Իրենք նպատակ ունեն վերհանել աննկատ մնացած, սակայն պատմական արժեք ունեցող կարևոր զբոսաշրջային վայրերը:
Կառավարության առաջարկով այս տարի Հայաստանում կանցկացվի Յարխուշտայի փառատոնը, և պատահական չէ, որ այն անցկացվելու է Դաշտադեմի ամրոցի հարակից հատվածում: Մարզպետը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն հասարակության, այցելուների ուշադրությունը հրավիրելու նախկինում աննկատ զբոսաշրջային վայրերի վրա:
Զբոսաշրջային տեսանկյունից մարզում չբացահայտված վայրերից է Ծաղկեվանքը: Մարզպետը տեղեկացրեց, որ ներդրողների հետ արդեն պայմանավորվածություններ կան: Մոտակա հատվածում կառուցվելու են հյուրանոց, ռեստորան, ժամանցի վայր: Քննարկվում է այդ հատվածում ճանապարհի վերանորոգման հարցը:
Կոնկրետ ծրագրեր են իրականացվում գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ: Տուրիստական գյուղի մոդել ունենալու առաջին ծրագրերից Հայաստանում սկսել են իրականացվել Արագածոտնի մարզում՝ Լուսագյուղում: Մարզպետն առանձնացրեց այլ համայնքներ ևս, որոնք զբոսաշրջային տիպային գյուղ դառնալու բավական լավ պոտենցիալ ունեն: