Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման առյուծի բաժինն իրականացնում են իրանական ընկերությունները և իրանցի վարորդները։ Այդ պատճառով նույնիսկ կորոնավիրուսի ներթափանցման վտանգը հաշվի առնելով Երևանը չէր կարող ամբողջական արգելք մտցնել հարևան երկրից ապրանքների ներմուծման համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Սաթի» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։
Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կառավարությունը փետրվարի 24-ից երկու շաբաթով փակեց հարևան երկրի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության նկատմամբ ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել։ Սակայն արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։ Բայց ուժեղացվել է հսկողությունը բեռնափոխադրող վարորդների նկատմամբ։
«Իրանից և դեպի Իրան կամ այլ երկրներից այդ երկրով ամբողջ ապրանքահոսքի 99,9%–ը իրանական ընկերությունների միջոցով է իրականացվում Իրանում գրանցված բեռնատարներով։ Հետևաբար, վարորդները ևս այդ երկրի քաղաքացիներ են», – ասաց Առաքելյանը։
Երբեմն հայկական ընկերությունները պայմանավորվում են իրանցի գործընկերների հետ, որպեսզի նրանք բերեն բեռները մինչև Մեղրիի անցակետ, այնտեղից ապրանքը բեռնում են հայկական բեռնատարների մեջ, և արդեն Երևան այն բերում են տեղացի վարորդները։ Այդ ամենը տեղի է ունենում մի պարզ պատճառով` հայ վարորդների համար փոխադրումներ դեպի Իրան և Իրանից իրականացնելը ձեռնտու չէ։
«Իրանում վառելիքն ավելի էժան է, քան Հայաստանում, սակայն հայ վարորդները չեն կարող այդ գնով այնտեղ լիցքավորել մեքենաները, քանի որ այդ գինը գործում է միայն իրանցիների համար։ Իրանում նաև ճանապարհի հարկ է գործում, որը ևս ստիպված ենք վճարել։ Դրա համար մեր ընկերություններին այդ ուղղությամբ աշխատելը շահավետ չէ», – ասաց Առաքելյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն անկախ կորոնավիրուսի վտանգից, ճիշտ որոշում են կայացրել` բեռնափոխադրումների վրա արգելք չդնելով։ Հակառակ դեպքում մեծ վնաս կհասցվեր երկրի տնտեսությանը։ Եթե Հայաստան բեռների 70%–ը Վրաստանով է գալիս, ապա մնացած 30%–ը` արդեն Իրանով։ Այսպիսով 2019 թվականի արդյունքներով Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 12,4%–ով կամ 364–ից հասել է 409 մլն դոլարի (Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 5%)։ Իրանը ծավալով Հայաստանի առևտրային հինգերորդ գործընկերն է (Ռուսաստանից, Չինաստանից, Շվեյցարիայից և Գերմանիայից հետո)։
Առաքելյանը նշեց, որ ներկա պահին խուճապի համար հիմքեր չկան, քանի որ Երևան ապրանքները հիմնականում բերում են Ջուղայից և Թավրիզից։ Այնտեղ կորոնավիրուսի դեպքեր դեռ չեն գրանցվել։ Սակայն նա, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության բոլոր կանոնները։
Իրանից ապրանքների ներմուծման վերաբերյալ խուճապ չկա նաև Վրաստանում։ Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ Թեհրանից Թբիլիսի հիմնականում բետոն են բերում։
«Չեմ կարծում, որ վիրուսը մեզ մոտ կարող է նման ճանապարհով ներթափանցել։ Բացի այդ հայկական կողմն էլ արդեն հայտարարել է, որ վերահսկելու է վարորդներին և հետևելու է նրանց առողջական վիճակին», – ասաց
Նշենք, որ Թբիլիսին նախօրեին արգելք մտցրեց դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ թռիչքների իրականացման վրա։
Առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վարորդներին վերահսկելն ավելի հեշտ է, քան զբոսաշրջիկների հսկայական հոսքը։ Այդ պատճառով Հայաստանի իշխանությունները որոշել են փակել սահմանը ուղևորահոսքի համար։
«Իրանից Հայաստան եկողներին մանրակրկիտ ստուգում են, չափում նրանց ջերմությունը, եթե որևէ ախտանիշ հայտնաբերվի, նրանց անհապաղ կհոսպիտալացնեն», – ասաց Զեյնալյանը։
Եթե ախտանիշներ չկան, ապա Իրանից ժամանած յուրաքանչյուր քաղաքացու համար անվանական քարտեր են բացվում, որտեղ նշվում է բնակության հասցեն։ Տվյալները փոխանցվում են պոլիկլինիկա, որտեղից բժիշկներն ամեն օր գալիս են ստուգելու այդ մարդկանց, չափում են ջերմությունը և այլն։
Հիշեցնենք, որ Իրանում փետրվարի 25–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, արձանագրվել է 15 մարդու մահ։