Արարատի մարզում ներդրումային ոլորտում տեղաշարժ ու ակտիվություն է նկատվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ այդ շարժը նկատվել է 2019 թվականին մարզում անցկացված բիզնես ֆորումից հետո:
«Մասնակիցները թե մեր առաջարկած ծրագրերն էին հավանել, թե իրենց գաղափարներով էին հանդես եկել: Ասեմ, որ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք գործարարների հետ: Այս տարի մարզում կյանքի կկոչվի գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկայի նախագիծը: Նախատեսում ենք մայիսին կատարել բացումը: Ունենք մեծ ներդրումային ծրագիր խաղողագործության և գինեգործության ոլորտում»,-ասաց Գարիկ Սարգսյանը:
Մարզպետը տեղեկացրեց, որ ակնկալում են երեք խոշոր ծրագրերի իրականցում, որոնք ուղղակի մասնավոր ներդրումների տեսքով են լինելու: Ծրագրերը հիմնականում իրականացվելու են Արարատի շրջանում: Գործարարներին ձգում է այն հատվածը, որտեղից առավել տեսանելի է Արարատ լեռը, Խոր վիրապը: Ծրագրերը կապված են զբոսաշրջային, սպասարկման ոլորտի հետ՝ հյուրանոցային, ռեստորանային համալիրներ, բնակելի կառուցապատման ծրագրեր և այլն:
Մարզպետն անդրադարձավ նաև «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրին, որը վերափոխված ձևով ներկայացվել է կառավարություն: Գարիկ Սարգսյանը նշեց, որ այն արմատական փոփոխության է ենթարկվել և իրականացնելու դեպքում մեծ ներդրում կլինի մարզում: Նախորդ տարի ծրագիրը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Կազմակերպությունը նախատեսել էր սոցիալական ծրագրեր, ինչպես նաև՝ կարողությունների զարգացմանն ուղղված բազմաբովանդակ գործառույթներ երեխաների համար նախատեսված քաղաքում: Որոշ մասնագետներ պնդում էին, որ դա կտանի երեխաների մեկուսացմանը: