Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ

Փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է եւ նրան բերել են Նաիրի ԲԿ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Բժիշկները նրա գնալուց առաջ թուղթ են վերցրել, որ գնում ես բացառապես քո պատասխանատվության տակ, որովհետեւ դա չի եղել բժիշկների ցանկությունը կամ թույլտվությունը։ Պարզվեց, որ բժիշկները ճիշտ էին։ Տնային պայմաններում մարդը չի կարող ապաքինվել»,- ասաց Մկրտչյանը։

Նա հայտնեց, որ Գրիգորյանն այժմ հիվանդասենյակում է, որտեղ վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներն են միացված։

Հարցին՝ ինչո՞ւ Գրիգորյանը որոշեց տուն գնալ, եթե իրեն այդքան էլ լավ չէր զգում, պաշտպանը պատասխանեց. «Առողջական վիճակում փոփոխություն չկար, այդ պատճառով նա որոշեց գնալ տուն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

news.am