Դատախազությունում 2019 թվականին քաղաքացիների ընդունելության թիվը նախորդ տարվա համեմատ աճել 229-ով: Քաղաքացիներից ստացված 11 862 դիմում-բողոքներից 889-ը բավարարվել է, հարուցվել է 55 քրեական գործ, 3966 դիմումատուի տրվել է պարզաբանում։
Այս մասին հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ 2018-ին 11 198 դիմում-բողոքներից 695-ը բավարարվել են, իսկ հարուցվել է 84 քրեական գործ:
«2019-ին ՀՀ դատախազությանը քաղաքացիների կողմից հասցեագրված դիմումների, այնպես էլ քաղաքացիների համար դատախազների կողմից կազմակերպվող ընդունելությունների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Դատախազների կողմից կազմակերպվել է քաղաքացիների 2 992 ընդունելություն: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին կազմակերպված ընդունելությունների քանակը եղել է 2 763»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:
Գլխավոր դատախազության վարչությունների պետերի, նրանց տեղակալների, դատախազների մոտ կազմակերպվել է 378 ընդունելություն, իսկ ՀՀ դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 112 ընդունելություն:
«Մյուս մասը կազմակերպվել է Զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների դատախազությունների, ինչպես նաև մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում: Մարզերի դատախազություններում կազմակերպվել է 1 252 ընդունելություն, Երևան քաղաքի վարչական շրջաններում` 650»,-ընդգծեց Բաղդասարյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ներկայացրեց մի քանի օրինակ, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել կամ արդեն իսկ հարուցված քրգործերը այլ ընթացք են ստացել:
«2019թ. փետրվարին քաղաքացին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով, կասկած է հայտնել, որ ամուսինը մահացել է բուժհաստատություններից մեկում ոչ ճիշտ ախտորոշման և բուժման հետևանքով: Դրա հետքերով դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը և դրա հիման վրա հետաքննության մարմնի կողմից կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը: Արդյունքում, նաև հիմք ընդունելով նշված անձի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է հետաքննիչի նշված որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, որով սկսվել է նախաքննություն: Մեկ այլ դեպքում քաղաքացին, որը 2019 թվականի օգոստոսին հարուցված՝ ավտոմեքենայի առքուվաճառքին առնչվող խարդախության վերաբերյալ մի քրեական գործով որպես տուժող էր անցնում, դիմումով բողոք է ներկայացրել, թե նախաքննական մարմինը կայացրել է քրեական գործի վարույթը կարճելու որոշում, ինչից ինքը տեղյակ չի եղել, և հայտնել էր քննության համար հետաքրքրություն ներկայացնող որոշակի տեղեկություններ: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը վերացրել է այդ գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը, ինչի հիման վրա նախաքննությունը շարունակվել է»,- եզրափակեց Բաղդասարյանը: