Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար խնդիրներ կան օրենքի հետ, որը միտումնավոր է արվել կաշառք ստանալու համար։ Սինանյանն իր տեսակետը հայտնեց կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում։
«Քաղաքացիություն ստանալու հետ կապված երկակի խնդիր կա` օրենքներն արհեստականորեն բարդացվել են։ Դա միտումնավոր են արել, որ որոշ ժամանակ քաշքշուկից հետո քաղաքացիություն ստանալ ուզողը կաշառքի միջոցով հարցը լուծի` ներվերն ու ժամանակը խնայելու համար։ Ուզես էլ` նման անհեթեթ համակարգ չես կարող ստեղծել»,– ասաց նա։
Սինանյանի խոսքով` շուտով իր կինն էլ է նույն խնդրին բախվելու։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց` կինը Հայաստանում է քաղաքացիության թղթերը ստանալու համար, և նա էլ անհեթեթ քաշքշուկի զոհ է դառնալու։
«Կինս էլ պետք է վազվզի մի պատուհանից մյուսը, մի բյուրոկրատից մյուսի մոտ»,– նշեց նա։
Սինանյանը հավելեց, որ այժմ ուսումնասիրում են ՀՀ քաղաքացիություն ստանալու ամբողջ գործընթացը և առաջիկայում նոր ծրագիր կառաջարկեն։