
Տավուշի մարզի Պառավաքար գյուղում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Թեթև արդյունաբերությունը ներկայացնող «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը:
«Բանվորական ձեռնոցների արտադրություն արդեն հիմնել ենք Արծվաբերդում, Չորաթանում, Բերդում, հաջորդը Պառավաքարն է: Մեր արտադրանքն արտահանում ենք հիմնականում ԵԱՏՄ երկրներ, աշխատում ենք Եվրոպա, ԱՄՆ, Վրաստան ուղղություններով: Նոր գործարանի բացմամբ կունենանք ևս 300-400 նոր աշխատատեղ: Այս պահին ունենք 800 աշխատատեղ»,-ասաց Միքայել Եզեկյանը:
Նա կարևորեց համայնքի բնակիչներին աշխատանքի ընդունելու գործընթացը՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս, որ սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց արժանապատիվ աշխատանքով հոգան սեփական կարիքները:
«Տավուշ տեքստիլ»-ի արտադրության ծավալները նկատելիորեն աճում են: 2019 թվականին արտադրության ծավալն աճել է 77 տոկոսով: