Հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակի կապակցությամբ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, լույս է տեսել «Հուշեր Սարյանի մասին» գիրքը։ Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը սկսել է «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
Նրա խոսքով`անգամ այն մարդիկ, որոնք ոչ մի պատկերացում չեն ունեցել Սարյանի մասին, տեսնելով նրա կտավներից մեկ-երկուսը, գերվում են նրանով։ «Ցնցող են Սարյանի գործերը, վարակիչ։ Կախարդական է Սարյանի արվեստի ազդեցությունը։ Հետաքրքիր է, որ Սարյանի գործերը տեսնելուց հետո, ինձ հետ նրա արվեստից էին սկսում խոցել նույնիսկ կինոյի այն ոլորտի գործիչները, որոնց գործն առնչված է թվերի, ֆինանսների հետ»,-պատմում է Սաֆարյանը:
Ռեժիսորի համոզմամբ` Սարյանը մեծ է, և մենք չպետք է միայն փետրվարի 29-ին հիշենք նրան: 140-ամյակն առիթ է, որ սկսենք մի ամբողջ տարի Սարյան ներկայացնել աշխարհին, տասնամյակն էլ օգտագործենք 150-ամյակին պատրաստվելու համար:
Նա հիշեց, որ վառ տպավորվել են իր հոր խոսքերը, երբ նա, վերադառնալով Սարյանի ութսունամյակին նվիրված երեկոյից, ասել է. «Սարյանն իսկապես չորս տարին մեկ է մի տարով մեծանում. նշում էինք ութսունամյակը, բայց նա քսան տարեկանի եռանդ ուներ»:
Վերադառնալով «Հեքիաթ.Սարյան» ֆիլմին` Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում այն ստացել է արտադրական փուլի պետական աջակցություն: «Բեռլինի կինոշուկայում էի, քանի որ այդ լայնածավալ նախագիծը հնարավոր է իրականացնել միայն համատեղ արտադրությամբ: Այժմ բյուջեի համալրման փուլում ենք: Որոշ փորձնական նկարահանումներ են արվել, գտել եմ Սարյանին փոքր տարիքում մարմնավորող դերակատարին: Դա կարևոր շրջան է լինելու ֆիլմում: Սարյանը հանճարեղ երեխա է եղել, երիտասարդ՝ եղել է հանճարեղ, ծերունի Սարյանը եղել է իմաստուն և հանճարեղ»,- եզրափակեց Դավիթ Սաֆարյանը:
Անժելա Համբարձումյան