Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին նախատեսված և չեղարկված չվերթը պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: Այս մասին տեղեկացավ «Armenia Aircompany»-ից:
Այսինքն` չեղարկվել է ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են:
«Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է բացառապես կոմերցիոն նպատակով, որևէ այլ ազդակ չկա չվերթի չեղարկման հետ կապված: Այսինքն` տվյալ չվերթի համար բավարար տոմսեր չէին վաճառվել, օդանավը թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենա ուղևորներով բավարար ծանրաբեռնվածություն: Եվ ավիաընկերությունը կոմերցիոն տեսանկյունից նպատակահարմար չի գտել չվերթն իրականացնել»,-ասաց ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանն ու շեշտեց՝ չվերթի չեղարկումը կատարվել է դեռևս մեկ ամիս առաջ:
Անդրադառնալով տեղեկությանը, թե չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել՝ նա հերքեց՝ նշելով, որ ունեն Հայաստանում գրանցված և գործող երկու օդանավ, որից մեկն է ուղարկվել տեխզննման, մյուսը Հայաստանում է, իրականացնում է չվերթներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չեղարկվել են երկու ավիաընկերությունների Թբիլիսի-Երևան չվերթները: