Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 01.07.2019 թվականից մինչև 31.01.2020 թվականը (7 ամսվա ժամանակահատվածում):
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019 թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):
Հայտնենք, որ ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան վարչության՝ գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից:
Ստացվում է, որ նորակազմ գրասենյակը, գտնվելով դեռ կազմավորման սաղմնային փուլում, չի զլացել և պարգևավճարի տեսքով ամսական շռայլել է շուրջ 25.000 ԱՄՆ դոլար: Սա այն պարագայում, երբ նորակազմ գրասենյակում չափազանց դժվար է այդքան սեղմ ժամկետներում գնահատել աշխատանքի արդյունավետությունը:
Ամենայն հավանականությամբ` կառավարությունը բարձր է գնահատել այդ գրասենյակի աշխատանքը, որի արդյունքում «կտրուկ ավելացել են» ներդրումները և «մեծ թափ առել» ներգաղթը։
Եթե ամսական 25.000 ԱՄՆ դոլար պարգևավճարը բաժանենք աշխատակիցների թվի վրա՝ կստացվի, որ յուրաքանչյուր աշխատակից, միջինացված թվով, ամսական ստացել է շուրջ 520 դոլար պարգևավճար: Թեև կարելի հասկանալ, որ իրականում շարքային աշխատակիցները պարգևատրվել են համեստ չափերով, և պարգևատրման ֆոնդից առյուծի մասը բաժին է հասել ղեկավարությանը։
Yerkir.am-ի՝ այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունից ելնելով՝ փաստենք, որ այս թիվը ամենաբարձրներից է շուրջ 70 պետական կազմակերպությունների շարքում:
Փաստենք, որ, անգամ Ֆինանսների նախարարությունում, որն ամենաբարձրներից է պարգևավճարներ տրամադրողների շարքում, յուրաքանչյուր աշխատակից ստացել է միջինացված թվով շուրջ 200 ԱՄՆ դոլար ավելի պակաս, քան Զարեհ Սինանյանի գլխավորած գրասենյակի աշխատակիցները: