Նիկոլ Փաշինյա՞նն էր այդպես կամեցել, թե՞ «նրա ոտքերի տակ «խալի» փռած ենթականերն են ցանկացել, որ շեֆի «ամպոտ ոտքերը» չդիպչեն հողին». antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյա՞նն էր այդպես կամեցել, թե՞ «նրա ոտքերի տակ «խալի» փռած ենթականերն են ցանկացել, որ շեֆի «ամպոտ ոտքերը» չդիպչեն հողին». antifake.am

2020թ. մարտի մեկին լրանում է 2008 թվականի հայտնի իրադարձությունների 12-րդ տարելիցը:

Նախորդ տարվա Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ ճառային ուղերձից հետո այս տարի նախատեսվում էր երթ անցկացնել Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան:

Ավելի վաղ, սակայն, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային վարակվածության առաջին դեպքից հետո անվտանգության նկատառումներից ելնելով հայտարարեց երթի չեղարկման մասին:

Այնուամենայնիվ, վարչապետը ընտանիքի և իր քաղաքական թիմի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին:

Հետաքրքիր է, որ սոցցանցերում տարածվող լուսանկարներում Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին քայլում է կարմիր գորգի վրայով, որը փռված է Մյասնիկյանի հուշարձանի դիմաց:

Հրապարակված տեսանյութից երևում է, որ նման գորգերը երկուսն են, մյուսը, հավանաբար, վերադարձի համար:

Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հրապարակած լուսանկարներից էլ պարզ երևում է, որ մինչև վարչապետ Փաշինյանի ժամանելը` գորգերը ծածկված են եղել:

Օգտատերերը այդ լուսանկարները համեմատում են տարիներ առաջ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ արված մի լուսանկարի հետ, որը ժամանակին բավական մեծ աժիոտաժ էր ստեղծել ընդդիմախոսների մոտ: Օրինակ, Կիմա Եղիազարյանը գրել էր«Չգիտեմ, ինքն է այդպես կամեցե՞լ, թե՞ նրա ոտքերի տակ «խալի» փռած ենթականերն են ցանկացել, որ շեֆի «ամպոտ ոտքերը» չդիպչեն հողին: Նրանք, ովքեր շեֆին քծնելու համար, ահա, կանգնեցրել են «կարդոնի» վրա»:

Այդ ժամանակ նախորդ իշխանությունների քննադատները մոռանում էին հրապարակված այլ նկարների մասին նաև, որոնցից են, օրինակ.

Հետաքրքիր է, արդյոք այս անգամ Նիկոլ Փաշինյա՞նն էր այդպես կամեցել, թե՞ «նրա ոտքերի տակ «խալի» փռած ենթականերն են ցանկացել, որ շեֆի «ամպոտ ոտքերը» չդիպչեն հողին»: Ցավալի է, որ ժողովրդի թեկնածուները այսօր անում են այն, ինչի համար քննադատում էին նախկին իշխանություններին:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

antifake.am