Վրաստանում կայացան հայ-վրացական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունները: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը, նշեց, որ երկու կողմերը ունեն հարցերի քննարկման լայն օրակարգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա: Նրա խոսքով, օրակարգի կարևոր մաս է այդ ներուժի լիարժեք օգտագործումը: ՀՀ վարչապետի կարծիքով, երկու երկրներն ունեն բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:
«Այս առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի: Հարգանքով ենք վերաբերում Վրաստանի Եվրատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն: Բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում: Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Վրաստան պաշտոնական այց ունենալով, ես հենց այս բանաձևն եմ առաջարկել մեր հետագա հարաբերությունների հիմքում դնելու համար»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: