Մշտական բնակության համար Ավստրալիայից Հայաստան է տեղափոխվել Չահրոզյանների ընտանիքը: Օդանավակայանում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը: Զարեհ Սինանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դիմավորման մասին պատմող տեսանյութ:
«Եկել եմ Զվարթնոց օդանավակայան նրանց անձամբ դիմավորելու և Հայաստան բարի գալուստ մաղթելու համար»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանները Հայաստան են տեղափոխվել իրենց 4 որդիների՝ Արեգի, Մասիսի, Սևանի ու Փայլակի հետ: Նրանք շատ ոգևորված են և մեծ սպասումներով են վերադարձել:
«Արդեն քանի տարի է՝ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին: Հեղափոխությունը ուժ տվեց, որ հստակ որոշում կայացնենք: Հայապահպանման միակ ճանապարհը Հայաստան վերադառնալն է: Հայաստան առաջին անգամ ենք գալիս, ում ճանաչում ենք, որ եկել են, պարզապես սիրահարված են մեր երկրին: Ամեն ինչ կանենք, որ մինչև տարվա վերջ երեխաներն զգան, որ Հայաստանում են ծնվել»,-նշել է Զեփյուր Չահրոզյանը: