Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են
Advertisement 1000 x 90

Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ թեև չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին, սակայն քվեարկության հարցում իրենց համակիրներն ազատ են: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի անցկացման գործընթացին: Բայց մեր համակիրները քվեարկության օրը ազատ են, կարող են գնալ մասնակցել»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց՝ ի սկզբանե կողմ են եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք են մեկնել, ցանկանալով իրավական շտկումներ կատարել, պատրաստ են եղել 24 ժամ աշխատելու, բայց դա մնացել է առանց արձագանքի: Ծառուկյանի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գաղափարն ընդունում են, բայց շտկումների կարիք կար: Քանի որ իրենց առաջարկն անարձագանք է մնացել, արդյունքում իրենք էլ որոշել են չմասնակցել:

Անդրադառնալով նրան, որ «Ոչ»-ից դիմել էին Նաիրա Զոհրաբյանին՝ ընտրատեղամասերում հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել՝ Ծառուկյանն ասաց՝ քանի որ քաղաքական որոշում է եղել, որ իրենք չեն մասնակցելու, անիմաստ են համարել դրանից հետո խառնվել այդ գործընթացներին:

Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն ավելի վաղ որոշել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:



Նման նյութեր