ԱԺ-ում առաջարկվում է «Ծնողական փառք» մեդալ ստացած 9 հոգու համար սահմանել պատվո վճար
Advertisement 1000 x 90

ԱԺ-ում առաջարկվում է «Ծնողական փառք» մեդալ ստացած 9 հոգու համար սահմանել պատվո վճար

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալ ստացած ընտանիքների ծնողներին տրամադրել ամսական պատվովճար:

ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի փոխնախարար Արման Ուդումյանը:

«Առաջարկվում է, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը, ինչպես նաև պայմանները պետք է սահմանվի կառավարության որոշմամբ: Այս պահին ունենք 9 ընտանիք, որոնք ստացել են «Ծնողական փառքի» մեդալ»,-ասաց Ուդումյանը:

Նա տեղեկացրեց, որ «Ծնողական փառքի» մեդալ ստանալու համար հիմնական երկու պայմաններն են 6 և ավելի երեխաների առկայությունը և համայնքում ու ընդհանրապես ընտանիքի մասին դրական ձևավորված կարիքը: Հաշվի է առնվում նաև այն, որ ընտանիքի տղաներից գոնե մեկը ծառայել է բանակում, մասնակցել է մարտական գործողությունների:

Այսպիսով, կառավարությունն առաջարկում է 9 ընտանիքների համար սահմանել ամսական պատվովճար՝ 40 հազարական դրամի չափով:

«Ծնողական փառքի» մեդալ ստանալու համար համայնքը, մարզպետարանը, կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վարչապետի և նախագահի գրասենյակները կարող են առաջարկել թեկնածուներ: Վերջնական որոշումը կայացնում է այդ հարցով ստեղծված հանձնաժողովը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ առաջարկվող գումարի չափը գոնե պետք է կրկնապատկել: Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե պատվովճարը մինչև ե՞րբ է տրվելու, և 6 ու ավելի երեխա ունեցող քանի՞ ընտանիք կա: Ուդումյանը նշեց, որ պատվովճարը տրվելու է մինչև մեդալը ստացած անձի մահը, հիմնականում մեդալ ստացած անձինք լինում են մայրերը: Իսկ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը այս պահին 140-ն է:



Նման նյութեր