«Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյան Վիտոյի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»,- Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
Նա նշեց, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է:
«Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ես դիմում եմ Արցախի նախագահին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 92 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել»: Ացախի նախագահն էլ, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել ա»: Մեխանիկորեն դու էլ սխալվի, քո ԱԳ նախարարն էլ»,- ասաց Վիտալի Բալասանյանն ու հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ: «Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն և հավելեց. «Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ժողովուրդ, ես ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ես զինվորական մարդ եմ»:
Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Այնուհետև պատասխանեց ընտրողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Արցախի խնդրին և իրենց կյանքում առկա դժվարություններին: Ասաց, թե իր ընտրվելու պարագայում որ խնդիրները կլուծվեն առաջնահերթ և ինչպիսի փոփոխություններ կլինեն: