Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում. armeniasputnik.am

Սենյակում խունկ ծխել ու մեծ քանակությամբ սխտորով խաշ ուտել. Հայերն ինչեր ասես, որ չեն անի իրենց «XXI դարի ժանտախտից»` COVID – 2019 (կորոնավիրուսից) ապահովագրելու համար։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը գրանցվել է մարտի 1–ին։ Այն հայտնաբերվել է Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա տղամարդու մոտ։ Առողջապահության նախարարության տվյալներով` վարակվածի մոտ հիվանդության ախտանիշներ գրեթե չկան ու նա ոչ մի բուժում չի ստանում։ Տղամարդը և իր հետ շփված 32 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

Թե ինչպես է իրականում կորոնավիրուսն ազդել երևանյան կյանքի վրա, պարզել են Sputnik Արմենիայի թղթակիցները։

Ռեստորաններ

Հանրային սննդի վայրերում լսել են կորոնավիրուսի մասին, սակայն ոչ ոք չի արգելել այցելուներին համեղ ճաշատեսակներ ուտել։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության փիար–մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում ոչ մի խուճապ էլ չկա, ռեստորաններն իրենց սովորական ռեժիմով են աշխատում։ Ավելին` կորոնավիրուսի մասին լուրերից հետո ցանցում ոչ մի ամրագրում չի չեղարկվել։

«Սովորականի պես ճաշի ժամին գալիս են ճաշելու։ Շարունակում են տեղեր ամրագրել կորպորատիվ միջոցառումների համար։ Դիմակներով գրեթե չեն գալիս»,– ասաց նա։

Գևորգյանի խոսքով` կորոնավիրուսն անձնակազմի աշխատանքի մեջ փոփոխություններ չի մտցրել։ Իրենց ռեստորանում սովորականի պես մաքրում են սեղանները, աթոռները, սպասքը, լվանում հատակը։ Ռեստորանների ցանցի ղեկավարությունն առաջնորդվում է առողջապահության նախարարության տված ցուցումներով։

Դե իսկ, սխտորով խաշը միշտ է պահանջարկ վայելում։

«Խաշը մեծ պահանջարկ է ունի սեզոնի բացմանն ու գարնան սկզբին։ Մարդիկ գալիս են խաշ ուտելու երբ դեռ շոգ չէ, հիմա արդեն այդքան էլ ցուրտ չէ»,– ասաց նա։

Եթե «Երեմյան Փրոջեքթսում» կորոնավիրուսը «եղանակ չի փոխել», Tashir Pizza ռեստորանների ցանցում հակառակ պատկերն է. ընկերությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնվելուն զուգահեռ կորուստներ է կրել։

«Ցանցի գրեթե բոլոր ռեստորաններում այցելուների քանակը 50%–ով նվազել է։ Մենք սովորականի պես պահպանում ենք հիգիենայի բոլոր նորմերը, մեր կարգուկանոնը չի փոխվել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց ռեստորանի մենեջերներից մեկը։

Իսկ փաբերում դեռ դժվարանում են ասել` արդյո՞ ք կորոնավիրուսն ազդել է իրենց այցելությունների վրա։ «Փաբ 007»–ի մենեջեր Տիգրան Հարությունյանի խոսքով` դեռ վաղ է այդ մասին դատել։

«Ազդեցության մասին կարող ենք ասել միայն շաբաթվա վերջում։ Սակայն սանիտարահիգիենիկ նորմերը մեզ մոտ միշտ էլ բարձր մակարդակի վրա են։ Այս առումով մեզ մոտ փոփոխություններ չեն եղել»,– նշեց նա։

Մարզասրահներ

Մարզասրահներում այլ իրավիճակ է։ Հայաստանի տարբեր մարզասրահների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ կորոնավիրուսի հայտնվելուց հետո հաճախորդներից շատերը սառեցրել են տարեկան փաթեթները։

Lady Zone–ի գործադիր տնօրեն Նարինե Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մարզասրահում խստացվել է սարքերի ու տարածքների ախտահանումը։

«Կորոնավիրուսի մասին տեղեկությունից հետո հաճախորդները սկսել են զանգել ու հարցնել` արդյո՞ք աշխատում ենք։ Ընդհանուր առմամբ, հաճախորդների շրջանում խուճապ չկա»,– ասաց նա։

«Օրանժ ֆիթնես» մարքետինգի տնօրեն Արամ Աղաբեկյանն իր հերթին նշեց, որ ակումբի սանիտարահիգիենիկ հսկողությունը խստացրել են։

«Ավելի ուշադիր ենք հատկապես` մետաղյա սարքերն ախտահանելիս։ Մենք միակ ֆիթնես ակումբն ենք, որը չեղարկել է բոլոր խմբակային պարապմունքները, քանի որ կարծում ենք` այդ դեպքում վարակվելու ռիսկն ավելի մեծ է»,– նշեց Աղաբեկյանը։

Gold Gym–ից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ մարզասրահում այցելուներին փաթեթները սառեցնելու հնարավորություն են տվել։

Առևտրի կենտրոններ

Կյանքի ռիթմը գրեթե չի փոխվել նաև մայրաքաղաքի առևտրի կենտրոններում։ Միայն թե աշխատակիցները օրը մի քանի անգամ իրենց սենյակներում խունկ են ծխում։

Mega Mall առևտրի կենտրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար Քրիստինե Թորոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ առևտրի կենտրոնը առողջապահության նախարարությունից տարածքը մաքրելու համար հատուկ ախտահանիչ միջոցներ է ստացել։

«Առևտրի կենտրոնում ամեն ինչ մանրակրկիտ ախտահանում ենք` սկսած հատակից և աթոռներից, վերջացրած ճաղերից, դռներից և բռնակներից։ Խաղային գոտում ևս ամեն ինչ մանրակրկիտ լվացվում է»,– ասաց նա։

Նրա խոսքով` այն սենյակներում, որտեղ «նստում են» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ամեն օր խունկ են ծխում, որը, Թորոյանի համոզմամբ, սպանում է մանրէները։ Այստեղ սենյակներն ու հատակն ամեն օր ժավելով են մաքրում։

Ինչ վերաբերում է առևտրի կենտրոնում գործող սննդի կետերին, դրանցում ևս վերահսկողությունը խստացվել է։

«Մեզ մոտ սանիտարահիգիենիկ նորմերը միշտ առաջին տեղում են եղել։ Սակայն կորոնավիրուսի մասին լուրերից հետո, ավելի են խստացվել։ Երբ առևտրի կենտրոնը փակվում է, յուրաքանչյուր աթոռ հասարակական սննդի գոտում մաքրվում և լվացվում է»,– հավաստիացրեց նա։

Հարցին` ինչու դիմակներ չեն կրում, հաշվի առնելով այն, որ բազմամարդ վայրում են աշխատում, Թորոյանը նշեց, որ կկրեին, եթե դեղատներում դիմակ լիներ։ Նրա դիտարկմամբ` կենտրոնում հաճախելիության առումով փոփոխություններ չկան։

Yerevan Mall–ից ևս Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ առևտրի կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, ղեկավարությունը հետևում է պաշտոնական տեղեկատվությանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր