Վարչապետը հանձնարարեց խիստ միջոցներ կիրառել թերլցումներ իրականացնող բենզալցակայանների նկատմամբ
Advertisement 1000 x 90

Վարչապետը հանձնարարեց խիստ միջոցներ կիրառել թերլցումներ իրականացնող բենզալցակայանների նկատմամբ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում հայտնաբերվել է թերլցում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր՝ երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք, կառավարությունը երաշխավորո՞ւմ է, որ հենց 5 լիտր բենզին են տվել:

«Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալցակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաեւ գազի հետ կապված:

Եթե չենք կարողացել այդ երաշխիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որոնցից 16-ում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում:

Վարչապետը նշեց, թե չպետք է լինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը:

«Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: Դա նշանակում է՝ մարդը 100-հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջև»,- ասաց վարչապետը:



Նման նյութեր