Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 40 տարեկանում, նա սպանվեց ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ:
Կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ. այս հարաբերությունների մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն երգչուհին առաջին անգամ է խոսել այդ մասին՝ պաշտոնապես հաստատելով լուրերը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ:
Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին բացառիկ անդրադարձը Լիլիթը վստահել է Tert.am Life-ին:
Առաջին հանդիպում
Լիլիթը պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է առաջին հայացքից, թեև անձամբ ծանոթացել են ավելի ուշ:
«Գառնի Գեղարդի հարակից տարածքում իրենք յուրահատուկ շուքով նշում էին Մահապարտների օրը: Այդ ժամանակ ես և եղբայրս երգում էինք «Արձագանք» ստուդիայում: Մեր ամբողջ թիմին հրավիրել էին երգելու այդ միջոցառմանը: Պարզվում է՝ հենց ինձ տեսել է բեմում երգելիս, խառնվել է իրար, հետաքրքրվել, թե ով է «քույր և եղբոր» քույրը (Լիլիթ Կարապետյանն այն ժամանակ երգում էր եղբոր՝ Կարենի հետ, հեղ.): Իրեն սխալ և ինձ ոչ սազական պատասխան էին տվել: Այդ ժամանակ ես ընկեր ունեի, որի հետ կարճ ժամանակ անց նշանվեցի, թե արդեն նշանված էի, հիմա արդեն չեմ հիշում, բայց իրեն ասել էին՝ իբր ես ինչ-որ տարիքով մարդու ընկերուհին եմ: Ինքն էլ պատասխանել էր՝ ափսոս չէ՞ այդ երեխան»,- պատմեց Լիլիթը:
Սիրո պատմություն
Վազգեն Սարգսյանը 16 տարի մեծ էր Լիլիթից: Երգչուհին պատմեց, որ սկզբնական փուլում իրենց շփումը միայն ընկերական էր: «Ես այն ժամանակ 22 տարեկան էի, նա էլ այդքան մեծ էր ինձանից: Մոտ 6 ամիս մեզ մոտ պարզապես շփում կար, որից հետո սկսվեց շատ գեղեցիկ պատմություն, որը տևեց մեկուկես տարի, մինչև այդ չարաբաստիկ օրը… Հենց այդ տարի՝ 1999 թվականին, մեր երազանքները, ծրագրերը գնում էին դեպի ամուսնություն: Եթե այդ չարաբաստիկ դեպքը չլիներ, մեր կյանքն այլ կերպ կդասավորվեր… մենք մտածում էինք, ամուսնանալու, երեխա ունենալու մասին: Նա շատ երեխայապաշտ էր»,- հուզմունքով հիշեց երգչուհին:
Լիլիթն ասում է, որ սպարապետին ճանաչել է այլ կողմից, և հստակ կարող է ասել՝ նա անփոխարինելի էր: «Ասում են՝ կատարյալ կամ անփոխարինելի մարդիկ չկան: Ես համամիտ չեմ: Ինքն անփոխարինելի էր և կատարյալ: Մեկ-մեկ հետ եմ գնում իմ երազանքների մեջ… Ես իրեն ճանաչել եմ այն կողմից, որը նույնիսկ իր ընտանիքի անդամները չգիտեին: Դա բնական է, սիրո հարցում մարդուն լրիվ այլ կողմից ես ճանաչում: Վազգենը շատ քնքուշ, նրբազգաց, սիրել իմացող մարդ էր: Նա կնամեծար էր, ծնողասեր, հայրենասեր, երեխայապաշտ… սրանք բոլորին հայտնի փաստեր են, սակայն կան բաներ, որոնք միայն ինձ են հայտնի: Նա 40 տարեկան էր, բայց իր զգացմունքների, սիրո արտահայտման ձևի, վերաբերմունքի մեջ նման էր 17 տարեկան տղայի: Ամեն մանրուքով շատ էր ուրախանում: Իր տեսակի մարդ այլևս չի լինի. այդ աստիճան հայրենասեր… ես 2 տարի տեսել եմ դա, իսկ ինձ մոտ նա իր ամենաանկեղծ վիճակով էր»,- ասաց երգչուհին:
Վազգեն Սարգսյանի վերջին տարեդարձը
Այսօր գիշերը Լիլիթը չի քնել, ծաղիկներով գնացել է Եռաբլուր: Ասում է՝ ուզում էր շուտ գնալ, որպեսզի կառավարական հոսքի մեջ չլիներ:
Լիլիթը պատմեց, որ սպարապետի վերջին տարեդարձը միասին են նշել, միասին էլ բացել են նրա նվերները որոնցից երգչուհին ունեցել է իր մասնաբաժինը:
«Նա այդքան ուժեղ մարդ էր, բայց չէր ուզում նշել 40-ամյակը: Իր վերջին տարեդարձը միասին անցկացրեցինք: Իր մայրն իրենց տանը նշում էր ծնունդը: Վազգենը որոշեց, որ միասին գնանք իրենց տուն, հետո վերադառնանք, բայց հասկացանք, որ միասին գնալն ավելի ժամանակատար կլինի, որոշեցինք, որ ես տանը պատրաստ սպասեմ իրեն: Նա գնաց, տանը նշեց ծնունդը և շատ շուտ հետ եկավ: Ամբողջ գիշեր միասին նշեցինք իր ծնունդը: Երկուսով բացեցինք իր նվերները: Ես էլ նվեր ունեցա դրանցից: Իրեն գրիչների հավաքածու էին նվիրել, նվիրեց ինձ, քանի որ ես ու եղբայրս երգեր էինք գրում»,- ասաց Լիլիթը:
Ամբողջությամբ՝ tert.am