Այն փաստը, որ այս տարի ընտանեկան բռնության արդեն երրորդ դեպքն ենք ունենում, ապացուցում է, որ ընդունված կանխարգելման մեխանիզմները կա՛մ բավարար չափով չեն գործում, կա՛մ արդյունավետ չեն և պետք է վերանայել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Վերջինս, անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դեպքին, երբ տղամարդը ծեծի էր ենթարկել 42-ամյա կնոջ և նրա անչափահաս դստերը, նկատեց՝
«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրությունում որպես ընտանեկան բռնության դեպք չեն դիտարկվում զուգընկերային հարաբերությունները, իսկ այս դեպքը զուգընկերային հարաբերությունների պարագայում պատահած բռնություն է։
«Զուգընկեր տերմինն ընդհանրապես դուրս հանվեց օրենքից, թեև նախագծում առկա էր։ Երբ կանանց իրավունքների վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ է շրջանառվում, հանրության մեջ սկսվում է կոնկրետ անձանց կողմից շահարկվել այդ օրենքը կամ օրենսդրական փաթեթը, և ունենում ենք դրա հետ կապված բավական լուրջ խնդիրներ։ Պետությունը, սակայն, որոշեց, որ այդ խմբի ոչ կոմպետենտ և ոչ մասնագիտական կարծիքին պետք է հագուրդ տա և հանի զուգընկերային հարաբերությունները»,-նշեց Զառա Հովհաննիսյանը։
Վերջինս պնդում է՝ այդ հարաբերությունները պետք է դիտարկվեն որպես ընտանեկան բռնության հարաբերություն։ Եթե անգամ անձը չի ապրում նույն հարկի տակ, միևնույն է, ըստ իրավապաշտպանի՝ եթե ունի մտերիմ հարաբերություններ, ապա կարող է հայտնվել ընտանեկան բռնության իրավիճակում։
Զառա Հովհաննիսյանը կարծում է՝ նման դեպքերը կանխարգելելու նպատակով նախևառաջ պետք է օրենքը խստացվի և ընտանեկան բռնությունը քրեականացվի. «Այժմ ընտանեկան բռնությունը քրեականացված չէ։ Որպես այդպիսին քրեական հետապնդման են ենթարկվում ուղղակի ֆիզիկական, սեռական բռնության պարագայում և չի դիտարկվում որպես ծանրացուցիչ հանգամանք»,-նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցատեսակ չդիտարկելը թույլ է տալիս, որ խնդրի շուրջ ստեղծվի ամենաթողության մթնոլորտ և ավելի թեթև վերաբերվեն։
Մասնագետի կարծիքով ունենք նաև հասարակության վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի այս արատավոր երևույթն իսպառ վերանա կամ թվերը նվազեն. «Հասարակությունը հաճախ դիտարկում է դա ընտանեկան վեճ և մտածում է չխառնվել ու չփորձել միջամտել։ Այս դեպքը նույնպես ցույց է տալիս, որ 8 ժամ կինը գտնվել է ծեծված և սարսափելի վիճակում, սակայն որևէ մեկը չի արձագանքել, չի զանգահարել, չի ահազանգել, որպեսզի օգնություն ցուցաբերվի կնոջը։ Մինչ այդ էլ հստակորեն ձայներ են հնչել այդ բնակարանից»,-ընդգծեց Զառա Հովհաննիսյանը, ում կարծիքով պետք է վերափոխվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, դառնա ավելի գործուն։ Պետք է գործեն այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես կնպաստեն կանխարգելմանը և ոչ թե իրավապաշտպանի գնահատմամբ կունենան պարզապես արարողակարգային բնույթ։
Դիտարկմանը, որ հաճախ կանայք նաև լռում են, երբ ենթարկվում են ընտանեկան բռնության, Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ եթե նրանք վստահ լինեն, որ կանխարգելման մեխանիզմներն իսկապես կայուն են, գործուն են, ապա անպայման կբարձրաձայնեն. «Ունենում ենք մեկ-երկու անգամ ահազանգած կանանց պատմություններ, որոնք այլևս չեն ահազանգում, որովհետև մտածում են՝ այն մեխանիզմները, որոնք առկա են, իրենց խնդրին լուծում չեն տալիս։ Պետք է մեխանիզմներն իսկապես աշխատեն, փոխվի վերաբերմունքը։ Իրավակիրառ պրակտիկան նույնպես պետք է փոխվի, որովհետև եթե անգամ օրենքը գրված է որևէ տեղ և այն մարմինը, որը պետք է իրականացնի բավարար զգայուն չէ խնդրի նկատմամբ, ունենում ենք կրկնվող դեպքեր»,-հավելեց իրավապաշտպանը։
«Փաստինֆո»-ն նաև կապ հաստատեց Շիրակի մարզպետարան, որտեղից տեղեկացրեցին՝ 12-ամյա երեխան չի եղել որևէ հատուկ հաստատության սան։ Նա եղել է հանրակրթական դպրոցի սան. «Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, կրթության վարչության մասնագետները եղել են հանրակրթական դպրոցում, որտեղ ուսանել է երեխան։ Աշխատանքային քննարկում-հանդիպում է եղել մանկավարժների հետ՝ ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետի լրատվության գծով օգնական Արաքսյա Կիրակոսյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ տվյալ ընտանիքը մարզպետարանի տեսադաշտում որևէ խնդրով չի եղել։
Ընտանեկան բռնության կամ ինչ-որ խնդրի վերաբերյալ որևէ մեկը չի դիմել։
Նշենք, որ 12-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխային միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 28-ամյա բնակիչը , ով խոստովանել է՝ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա դստերը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան