ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ է մատուցել Sputnik Արմենիայի «Դու մենակ չես» նախագծի 11-ամյա հերոս Ռոմիկ Արշակյանին:
Նախագահը տղային սմարթֆոն է նվիրել և շնորհավորել նրան: Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռոմիկն ասաց, որ շատ ոգևորված է և, երբ խոսում էր ՀՀ նախագահի հետ, հազիվ էր զսպում արցունքները:
«Ես Սարգսյանին ասացի, որ ապագա նախագահն է խոսում իր հետ և շնորհակալություն հայտնեցի նվերների համար: Նա լավ մարդ է, հա էլ կուզեի իրեն հյուր գնալ»,- նշեց տղան:
Ռոմիկն ասաց, որ ինքն էլ Արմեն Սարգսյանի համար էր անակնկալ պատրաստել` Ախթամար կղզում գտնվող «Սուրբ Խաչ» եկեղեցու նկարը և երկու «փղիկներ»: Տղան վստահ է` «փղիկները» հաջողություն են բերում, ինչը շատ կարևոր է նախագահի դժվարին աշխատանքում։
Տղան նշեց, որ նախագահական նստավայր այցելելուց հետո ծնողներին ստիպել է հուշանվերներ գնել և դրանք պահել է, որ Սարգսյանին հանձնի:
«Նա ուրախացավ, երբ իմացավ, որ ես հրշեջ եմ դառնալու, հետո ԱԻՆ նախարար, հետո էլ նախագահ։ Չեմ ուզում իրեն հիասթափեցնեմ ու մեծ արդյունքների կհասնեմ»,- եզրափակեց Ռոմիկը: