2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է. armeniasputnik.am

Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 41,4 %-ով։ Այսօր Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ այդ ցուցանիշը վերագրելով ՀՀ անկախության տարեդարձը նշելուց հետո այդ այդ ուղղությամբ իրականացված պետական քարոզչությանը։

«Դա հսկայական աճ է, ինչը նշանակում է՝ ՀՀ քաղաքացին ավելի լավ է ճանաչում սեփական հայրենիքը։ Այսինքն՝ երբ որ դիլիջանցին գնումէ Գյումրի, մի քիչ դառնում է նաև գյումրեցի, երբ որ գյումեցին գնում է Գորիս, մի քիչ դառնում է գորիսեցի։ Ավելի շատ է դառնում հայաստանցի և ՀՀ քաղաքացի»,- ասաց Փաշինյանը։

Որպես կարևոր զբոսաշրջային ուղղություն, որը կառավարությունը փորձում է զարգացնել, վարչապետը նշեց Ստեփանավանի Դենդրոպարկը։

Այդ նպատակով արդեն վերանորոգվել է Գյուլագարակի ավտոճանապարհը մինչև դենդրոպարկ։

Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցող Լոռու մարզպետն ու կառավարության անդամները հընթացս ծանոթացան նաև նորակառույց ճանապարհի որակին։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ վերակառուցվել է նաև Լոռե բերդաքաղաք տանող ավտոճանապարհը։

«Երկու ճանապարհներն էլ մարզի տուրիզմի զարգացմանը նպաստող շատ կարևոր ճանապարհներ են։ Նաև հյուրատներն են այս համայնքներում ակտիվանում, շատանում»,– ասաց Ղուկասյանը` հավելելով, որ ամռանը մարզի հյուրատներում ազատ տեղեր չեն լինում։

Ի դեպ, Լոռե բերդն այս տարի նշում է իր կառուցման 1000-ամյակը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ բացի Ստեփանավանի դենդրոպարկից ու Լոռե բերդից, Լոռու մարզում կարևոր զբոսաշրջային ուղղություններ են նաև Քոբայրը, Հաղպատը, Սանահինը, Օձունը, Արդվին, Դսեղը, Ահնիձորը։

«Արդվիում շատ կարևոր աղբյուր կա, որին լոռեցիներն Օձի պորտ են ասում, մարդիկ հատուկ գնում են բժշկվելու այնտեղ։ Ուխտավայր է»,– հիշեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեց հայտնի ժողովրդական խոսքը, երբ ճարպիկ մարդկանց կոչում են «օձի պորտից ջուր խմած»։

«Այնպես որ, քանի որ մենք պետք է ճարպիկ ազգ լինենք, խելացի ու հնարամիտ, այս տարին հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ իր այցի հիմնական նպատակն այս տարի խոստացած 10 մլն ծառ տնկելու ծրագրի ընթացքին ծանոթանալն է, ինչի համար էլ այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ։

armeniasputnik.am