Ֆրանսիայի Դուրդան քաղաքի քաղաքապետարանի և հայ վետերանների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ քաղաքում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Նապոլեոն Բոնապարտի հայազգի թիկնապահ Ռուստամ Ռազային: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, խաչքարի բացմանը ներկա են գտնվել Դուրդանի քաղաքապետ Մարիվոն Բոքեն, Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի բեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Ռուստամ Ռազայի կյանքի պատմությանն առնչվող դրվագներ: Մասնավորապես, շեշտվել է, որ Ռազան որպես ստրուկ 7 անգամ վերավաճառվել է մինչև ի վերջո Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ դարձել է վերջինիս մամլյուք-թիկնապահը և ուղեկցել նրան դրանից ի վեր: