ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին խոսնակ Նանա Գնդոյանը։
Sputnik Արմենիայի այս տեղեկությունը կողմերն առայժմ պաշտոնապես ո՛չ հերքում են, ո՛չ էլ հաստատում։
Մեր տեղեկություններով, սակայն, Գնդոյանը սկզբում կլինի ՀՀ ՊՆ խոսնակ, իսկ որոշ ժամանակ անց կնշանակվի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ։ Բանն այն է, որ նախարարության կառուցվածքում առաջիկայում որոշակի փոփոխություններ են նախատեսվում, որոնց արդյունքում նախարարի մամուլի խոսնակի հաստիքը վերացվելու է, իսկ այդ պարտականությունները փոխանցվելու են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալին։
Նշենք, որ Նանա Գնդոյանի` ՊՆ տեղափոխվելու մասին մամուլը գրում է դեռ անցյալ տարվանից, երբ նա դադարեցրեց իր աշխատանքն ԱԻՆ–ում։
Նանա Գնդոյանն ԱԻՆ մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է այն ժամանակ, երբ Դավիթ Տոնոյանը ԱԻ նախարար էր, հետևաբար նրա հետ աշխատանքի առանձնահատկություններին տիրապետում է։
Այժմ Գնդոյանը ֆիզարձակուրդում է։