Իսկ ո՞ւր է Ադրբեջանը…
Advertisement 1000 x 90

Իսկ ո՞ւր է Ադրբեջանը…

Ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը` չխորշելով նույնիսկ ամենաստոր մեթոդներից: Թեև, պետք է փաստել, որ որևէ մեթոդ դեռևս չի արդարացրել Բաքվի իշխանությունների ակնկալիքները: Ավելին, յուրաքանչյուր անգամ նրանց նետած բումերանգն ուղիղ նշանառությամբ դիպել է իրենց իսկ մարմնի տարբեր մասերին: Թերևս այդ հետադարձ հարվածների պատճառով է, որ տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի իշխանությունները մտածում և գործում են այդ գործառույթների համար մարմնի չնախատեսված մասերով: Ընդհանրապես, վերլուծելով վերջին տասնամյակների ընթացքում ադրբեջանցիների գործելաոճը, ավելի ու ավելի եմ համոզվում, որ նրանց անչափ դուր է գալիս մազոխիզմը` իր բոլոր «հմայքներով» հանդերձ:

Ահա այդպիսի մազոխիստական դրսևորումներից էր օրերս ՀՀ Տավուշի մարզի գնդակոծումն ադրբեջանական պետական սահմանապահ ծառայությանը ենթակա «Ղազախ» սահմանապահ դիվիզիայի ստորաբաժանումների կողմից: Հայկական կողմի պատասխանը չուշացավ և մարտի 5-ին ադրբեջանցի զինծառայող Օրհան Նազըմ օղլու Փաշազադեն դարձավ Բաքվի իշխանությունների անբնական կրքերի հերթական զոհը: Ինչպես և սպասվում էր, չեղած ,պատիվըե վերականգնելու նպատակով ադրբեջանական կողմը դիմեց հերթական դիվերսիային` կրկին անփառունակ վերջաբանով: Հայկական կողմի հմուտ և կազմակերպված գործողությունների շնորհիվ ադրբեջանական դիվերսիոն խումբը, կորուստներ կրելով, ճողոպրել էր: Հատկանշական է, որ նրանք այնքան անկանոն ու խուճապահար էին նահանջել, որ մարտի դաշտում թողել էին գերմանական արտադրության բարձրակարգ ականորսիչ սարքը: Այստեղ են ասել` էշն ի՞նչ գիտե, նուշն ի՞նչ է: Ախր, ադրբեջանցիների ինչ ոլորտն է, ախր ականորսիչ աշխատացնելը, (այն էլ` գերմանական արտադրության) գոնե նվազագույն մտավոր կարողություններ է պահանջում….

Ինչևէ, մարտի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ կրկին ,Ղազախե սահմանապահ դիվիզիայում սպանվել է զինծառայող Էլթուն Էլման օղլու Գարաևը: Ուշագրավ է, որ նշվել էր, թե նա հրազենային ծանր վիրավորում է ստացել, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն` ապարդյուն: Համադրելով վերոնշյալ փաստերը` բնական հարց է ծագում` արդյո՞ք Է. Գարաևը նախորդ օրը ձախողված դիվերսիոն խմբի անդամներից չէ, արդյո՞ք ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով չի նշում, որ նա սպանվել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ գտնվող Ղազախի Դաշ Սալախլի գյուղի մերձակայքում, որպեսզի թաքցնի նախորդ օրը ՀՀ Իջևանի շրջանի ուղղությամբ իրականացված «փայլուն» դիվերսիոն (այսուհետ` ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ դա հիշատակվելու է «Ականորսիչ» պայմանական անվամբ) գործողության իրական հետևանքները:

Հ.Գ.

Որպեսզի ընթերցողների շրջանում տպավորություն չստեղծվի, որ իրենց պարտադրում եմ իմ կարծիքը, ինչպես նաև հարգելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը` տուրք եմ տալիս բազմակարծությանը: Մասնավորապես, օրերս Ի.Ալիևն այցելել էր Ադրբեջանի Աղստաֆայի շրջան և այնտեղի նորաստեղծ պատմության թանգարանում հիստերիկ կերպով ճչում էր` «Իսկ ու՞ր է քարտեզներում Ադրբեջանը»: Գու՞ցե Է.Գարաևը մահացել է համացանցում շրջանառվող այդ տեսահոլովակը դիտելուց ու դրան հաջորդած ծիծաղից…

Կոնստանտին Ազարյան



Նման նյութեր