Իր ֆիլմերի պատճառով (մասնավորապես «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմը), ավելի քան 30 տարի Կաթոլիկ եկեղեցու կողմից բանադրված Մարտին Սկորսեզեն առաջին անգամ հնարավորություն է ստացել հանդիպել Հռոմի պապի հետ: Նրանք հանդիպել են այսօր, Վատիկանում:
Նախկին ճեմարանական Սկորսեզեն կաթոլիկների առաջնորդին հանդիպել է իր վերջին՝ «Լռություն» ֆիլմի պրեմիերայից հետո: Ֆիլմը պատմում է 17-րդ դարում Ճապոնիա մեկնած պորտուգալացի միսիոներների մասին:
Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է ռեժիսորին, կնոջը և 2 դստրերին: Հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում: Պապը հյուրերին պատմել է, որ կարդացել է «Լռության» հերոսների պատմությունը ներկայացնող գիրքը:
Նրանք զրուցել են Ճապոնիայի ճիզվիթների մասին:
Մարտին Սկորսեզեն Հռոմի պապին է նվիրել նկարներ, որտեղ ներկայացված են եղել Ճապոնիայում ապրող ծպտյալ քրիստոնյաները: Ինչպես նաև, Նագասակիի Սուրբ Կույսի կտավի վերատպությունը և Ճապոնիայի նահատակ քրիստոնյաների նկարները: Իր կողմից Ֆրանցիսկոս պապը նրանց նվիրել է աղոթքի համար նախատեսված համրիչներ:
Բանն այն է, որ պապը ֆիլմի դիտմանը չի մասնակցել, սակայն թեման շատ հոգեհարազատ է համարել: Նա երիտասարդ տարիքում կամեցել է միսիոներական գործունեություն ծավալել Ասիայում, բայց առողջական պատճառներից դրդված, չի գնացել այդ քայլին:
Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել հինգշաբթի օրը դիտել «Լռությունը»:
theguardian.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը